Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ Լեւոն Բրուտյանի դատարավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1990-ական թվականներից Պառավաքար գյուղում գտնվող առանձնատանը կից օժանդակ շինությունում ապօրինի կերպով պահել է 350 հատ գործարանային արտադրության 5.45 մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտ եւ ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության Ֆ-1 եւ ՌԳԴ-5 տեսակի ձեռքի նռնակներ: Լ. Բրուտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը,փոխադրելը կամ կրելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը հայտնեց, որ Լեւոն Բրուտյանը մոտ 43-44 տարեկան է, նա 90-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, հայրենի գյուղի պաշտպանությանը եւ այդ ժամանակ վիրավորվել է: Նա այժմ զբաղվում է իր գյուղացիական տնտեսությամբ:
Գյուղապետը արտասովոր բան չհամարեց,որ ազատամարտիկի շինությունում 90-ական թվականներից ռազմամթերք է մնացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ