Բնապահպան Սիլվա Ադամյանին զայրացնում են համացանցում հայտնվող տարիների պատմություն ունեցող ապօրինի որսի մասին ահազանգող լուսանկարները, որոնք վերջին օրերին մեկը մյուսից հետո տարածվում են համացանցում: Բնապահպանը պնդում է՝ դրանք հին լուսանկարներ են:
«Բան ու գործ չունենք էլի մենք անելու, էս ի՞նչ բան է: Չեմ հասկանում՝ հիմա ի՞նչ odnoklassniki-ի 50 տարվա լուսանկարները պետք է հանեն, ցույց տա՞ն, այսպես դուք հարց չեք լուծի: Econews-ը միայն գոռգոռոցի, ղալմաղալի թեմա է գտել իր համար: Ես շատ ջղայնացած եմ: Տպավորություն ունեմ, որ ուզում են սկանդալ սարքել, հոդվածներ գրվեն»,- Aravot.am-ին ասաց տիկին Ադամյանը:
Ըստ նրա՝ սպիտակագլուխ անգղերի որսի հայտնի լուսանկարը ՀՀԿ-ական գյուղապետի սոցիալական էջից հանված ու տարածված, առաջինն իրեն են ուղարկել, ինքը ուղարկողին էլ խնդրել է, որ համացանցում այն չտարածի, աղմուկ չհանի, մինչեւ ինքն արագ այն ուղարկի բնապահպանական տեսչություն, դեպքի մանրամասներն ու հեղինակին պարզելու համար. «Այդ նկարը գնացել է տեսչություն ու այնտեղ է պարզվել՝ ով է, ինչ է»:
Տիկին Ադամյանն ասաց, որ ապօրինի որսը կանխելու համար փոփոխություններ են պետք Որսագողության մասին օրենքում: Գործող օրենքով՝ ապօրինի որս կատարողները վարչական տույժերի են ենթարկվում, մինչդեռ, ըստ բնապահպանի, պետք ՝ է պատիժը լինի քրեական պատասխանատվություն, հակառակ դեպքում մի քանի հարյուր հազար դրամի տուգանքը որսի ապօրինի սիրահարներին չի խանգարի իրենց որսն անել:
Հիշեցնենք, որ econews-ի առաջին ահազանգը սպիտակագլուխ անգղերի որսի մասին կապվեց Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարի անվան հետ, հետո այն իրավապահները հերքեցին: Այս դեպքից բացի, econews-ը նախօրեին անգղերի որսի նոր դեպքի մասին էր ահազանգել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ