Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյանը Արցախ-փարթի կազմակերպեց լեհերի համար (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 21,2017 19:14

Հոկտեմբերի 21-ին «Մաքսեդան» կրթահամալիրում յուրատեսակ միջոցառում էր կազմակերպվել: Կրթահամալիրը հրաժեշտ էր տալիս Հայաստանում հյուրընկալված լեհ ուսուցիչներին եւ աշակերտներին:

Կրթահամալիրի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, որ արցախյան արմատներ ունի, իր ձեւակերպմամբ, Արցախ-փարթի էր կազմակերպել հյուրերի համար: Նա իր իսկ ձեռքով արցախյան ճաշատեսակներ էր պատրաստել, այդ թվում՝ արցախյան փլավ:

 

«Երկար ժամանակ պետական մակարդակով փորձեր են արվում ինտեգրել Հայաստանի եւ Եվրոպայի մշակույթները: Ես հասկացա, որ չի կարելի նստել-սպասել, ուստի բնությունից պետք է բարիքներ ստեղծել: Մեզ հնարավորություն տրվեց կրթական փոխանակում իրականացնել Լեհաստանի Բրանեւոյի ավագ դպրոցի հետ, որը շատ հետաքրքիր մասնագիտացումներ ունի՝ զինվորական, IT, շինարարական ոլորտների, ինչը ցույց է տալիս, թե Լեհաստանում ինչ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ սահմանի վրա այդպիսի ճյուղերի զարգացմանը: Լեհաստանն օր օրի ամրանում է: Քանի որ Հայաստանը չի ընդունում այդպիսի գրանտներ, որոնք զուտ ԵՄ գրանտներ են, որոշեցինք ինքներս ֆինանսավորել փոխանակման ամբողջ գործընթացը: Որեւէ պետական աջակցություն չստացանք»,-ասաց տիկին Սեդրակյանը, հավելելով՝ քանի որ հնարավորություն չունեինք հյուրերին տանել Արցախ, Արցախն են բերել կրթահամալիր:

Նա նաեւ հավելեց, որ Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը օրերս հյուրընկալել է լեհական պատվիրակությանը, կարեւորեց, որ Արցախ-փարթիին մասնակցում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահի ու պատվիրակության անդամների միջեւ անմիջական զրույց սկսվեց, լեհ դպրոցականներից մեկը նույնիսկ սկսեց հայերեն խոսել ու ներկայացնել իր ընկերներին: Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանդեպ հետաքրքրության համար:

«Ամռանը մենք էինք Լեհաստանում, այնտեղ հիանալի մեզ ընդունել են, այժմ լեհական պատվիրակությունը եկել է Հայաստան: Մենք պտտվել ենք ողջ Արեւմտյան Լեհաստանով, որտեղ տիրում էր եվրոպական փոխըմբռնման հանգիստ, խաղաղ, հանդուրժող օրինականության ոգի եւ այն տպավորությունները, որ մեր երեխաները ստացան, ուղղակի անկրկնելի էին»,-շեշտեց Անուշ Սեդրակյանը:

Դպրոցի սաներից Տաթեւիկ Կիրակոսյանը պատմեց, թե ինչպես են Լեհաստանում անցկացրել. «Մեզ շատ բարեհամբույր ընդունեցին, առաջին օրերին թվում էր, թե ընկերներ չենք կարող ձեռք բերել, հետո միանգամից այնպես ընկերացանք, որ վերջին օրերին լաց էինք լինում, չէինք ուզում բաժանվել»:

Անուշ Սեդրակյանը նաեւ հայտնեց, որ լեհ երեխաները ապրել են հայկական ընտանիքներում, իսկ Հայաստան են եկել 6 երեխա եւ 2 ուսուցիչ:

Aravot.am-ը զրուցեց լեհ ուսուցիչներ Ֆրեդի եւ Աննայի հետ:

Նրանք անչափ տպավորված էին հայաստանյան այցելությամբ, հայկական հյուրընկալությամբ, տեսարժան վայրերով: Ասացին, որ ի թիվս այլ վայրերի, եղել էին Մատենադարանում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

«Այս փոխանակման ծրագիրը շատ կարեւոր է ինչպես լեհ, այնպես էլ հայ երեխաների համար…Մենք շատ երջանիկ ենք լինել Հայաստանում, ցնցված ենք հայկական հյուրընկալությամբ, գեղեցիկ, տեսարժան վայրերով»,- նշեց Աննան: Ֆրեդն էլ հիշեցրեց, որ հունիսին հայ երեխաներն էին ժամանել Լեհաստան: Նա ուրախությամբ նշեց, որ իրենց ծրագրի արդյունքում մտերմացած երեխաներն արդեն շփվում են սոցցանցերի միջոցով եւ կապ են պահում միմյանց հետ: Ուսուցիչները կարծում են, որ կարեւոր է՝ հատկապես երիտասարդները իմանան միմյանց պատմությունն ու դավանած արժեքները: Լեհ մանկավարժները ցանկանում են, որ նման ծրագրերը շարունակական լինեն, եւ ավելի մեծ թվով երեխաներ այցելեն Հայաստան եւ Լեհաստան:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Մշտապես ողջունելի է ցանկացած կոնտակտ՝ տարբեր մակարդակներով, երբ ասում են դիվանագիտություն, որպես դրա կարեւորագույն մաս պետք է դիտարկել նաեւ ժողովրդական դիվանագիտությունը: Եթե դիվանագետներն ունեն իրենց վարքականոնը եւ հստակ խոսելիքը, որ ելնում է այս կամ այն քաղաքական շահերից եւ իրավիճակից, ապա ժողովրդական դիվանագիտության պարագայում առկա է ավելի մեծ անմիջականություն, ընդգծված ջերմություն եւ վստահության մթնոլորտ ստեղծելու ավելի մեծ հնարավորություններ….Բազում օրինակներ կան, թե ինչպես են շարքային մարդիկ ժամանակին ունենում հնարավորություն սիրելու, ճանաչելու Հայաստանը, հետո դառնում ականավոր բիզնեսմեններ եւ քաղաքական գործիչներ, ու ամբողջ կյանքի ընթացքում հիշելով իրենց հայկական կապերը փորձում օգտակար լինել Հայաստանին: Այս ամենի մեջ, իհարկե, շահ տեսնել պետք չէ, որովհետեւ գերագույն շահը մարդկային շփման հարստությունն է, որ ըմբոշխնում են այս երիտասարդները: Ինչ խոսք, կեցցե Անուշ Սեդրակյանը, որ կարողանում է համատեղել իր գործունեության տարբեր ոլորտները, հաջողելով բոլոր ոլորտներում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Լեհ ուսուցիչ Ֆրեդից ես էլ եմ տպավորված: Պանի Սեդրակյանի գոթական ոճի վզնոցից՝ ևս:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031