Այսօր Գանձասարի վանական համալիրում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ բարերար Լևոն Հայրապետյանի: Արարողությանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, գերտեսչությունների ղեկավարներ, վանքեցիներ, հարակից համայնքների բնակիչներ և ստեփանակերտցիներ: Ներկաներին ուղղված խոսքում`Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասաց, որ մինչ մահը Լևոն Հայրապետյանի հետ ունեցել էր հեռախոսազրույց. «Բարերարը շատ դժվարությամբ էր խոսում: Ասաց, որ շատ է ցանկանում ազատություն ստանալ, հաստատվել Արցախում և կատարել իր այն երազանքները, որոնք դեռևս չէր հասցրել»:
Արցախի թեմի առաջնորդն ավելացրեց. «Նրա անունը, որպես մեծ հայրենասեր և բարերար, կհիշատակվի միշտ` Արցախի եկեղեցիներում անցկացվող արարողությունների ժամանակ»:
Aravot.am-ի հետ զրույցում Վանք համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանն ասաց, որ նա այն անձնավորությունն էր, ով մոռացած իր անձնականի մասին մտածում էր միայն հայրենիքի մասին. «Առանձնապես Վանք գյուղում անասելի մեծ են նրա կատարած աշխատանքները: Ուր նայում ենք, Լևոն Հայրապետյանի կատարած բարի գործերն ենք տեսնում: Նա հավերժ կապրի մեր հիշողություններում»: Համայնքի ղեկավարն ավելացրեց, որ Մոսկվա են մեկնել համագյուղացիներ` մասնակցելու բարերարի հուղարկավորությանը:
Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր Տեր Մինաս քահանա Մովսիսյանը իր խոսքում նշեց, որ Լևոն Հայրապետյանն իր ժողովրդի նվիրյալ մարդ էր, մեծ հայրենասեր, ում սրտում Արցախն էր, իր հայրենի Վանք գյուղն էր, իր ժողովուրդն էր և նա այդ ամենով էր ապրում. «Նրա կիսատ մնացած նպատակները պետք է կյանքի կոչվի, Աստված տա այդ ամենը կատարվի և նրա հոգին երկնքում խաղաղություն ունենա»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ