«Բելառուսը եւ Ռուսաստանը կարող են ռազմատեխնիկական գործունեություն ծավալել ցանկացած երկրի հետ»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն փաստին, որ ԵՏՄ անդամներ ՌԴ-ն եւ Բելառուսը զենք են վաճառում Ադրբեջանին, ասաց ռուս քաղաքագետ, վերլուծաբան Անդրեյ Արեշեւը: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելը ճիշտ չէ եւ չի նպաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդմանը. «Բայց կան գործոններ, որոնք նպաստում են նման գործարքների կայացմանը»:
Փորձագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի համար առավել նպատակահարմար է ռազմատեխնիկական գործակցության հարցեր լուծել ՆԱՏՕ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակներում, քան դրանից դուրս:
Մեկնաբանելով հարցը, թե ներկայում Ադրբեջանի ներքին ո՞ր խնդիրներն են ազդում վերջինիս կողմից հակամարտության գոտում լարվածության ավելացման վրա, Արեշեւն առանձնացրեց տնտեսական ճգնաժամը, բանկերի սնանկացումը, նավթարդյունաբերության ծավալների կրճատումը. «Բարդ ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում Ադրբեջանում: Հաջորդ տարի նախագահական ընտրություններ են, ինչը ներքին ուժերի պայքար է ենթադրում: Ամեն դեպքում, ապրիլյան ռազմական գործողություններն ապացուցեցին, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, եւ յուրաքանչյուր սրացում կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ նաեւ Ադրբեջանի համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ