«Իրավիճակը Սիրիայում նշանակալի բարելավվել է վերջին երկու տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը սկսեց հակաահաբեկչական ռազմական գործողություններ»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր անդրադառնալով Սիրիական հակամարտության ներկայիս փուլին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս քաղաքագետ, վերլուծաբան Անդրեյ Արեշեւը:
Նրա բնորոշմամբ՝ Սիրիայում պատերազմն աստիճանաբար կմարի, բայց չենք կարող բացառել ահաբեկչական-դիվերսիոն հարձակումների ալիքը. «Ռուսական կողմը խաղաղարար առաքելություն կիրականացնի՝ իրավիճակի կայունության ուղղությամբ»:
Փորձագետը վստահեցրեց, որ Սիրիական հակամարտության լուծումը կարեւոր է ռուս-թուրքական հարաբերությունների համար. «Առանց Թուրքիայի եւ Իրանի հետ գործակցության՝ Ռուսաստանի համար Սիրիայում հաջողության հասնել հնարավոր չէ: Ռուս-թուրքական հարաբերությունները բարդ փուլում են: Սիրիական ճգնաժամն էլ այն կետն է, որը միավորում է Թուրքիային եւ ՌԴ-ին: Թուրքիան հասկացավ, որ ահաբեկչությանն աջակցելը ապակառուցողական է եւ խաթարում է կայունությունը հենց Թուրքիայում»:
Անդրադառնալով Իրաքի Քուրդիստանում վերջերս կայացած անկախության հանրաքվեին՝ Անդրեյ Արեշեւը համոզմունք հայտնեց, որ այն վաղաժամ էր. «Կան վիճելի տարածքներ, այդ թվում՝ Քիրքուկը եւ Սինջարը, որոնք չեն մտնում Քուրդիստանի ինքնավար շրջանի մեջ, բայց ներկայում վերահսկվում են քրդերի կողմից: Բաղդադի ղեկավարությունը զգուշացրել է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Իրաքի հսկողությանը, եւ գործընթացը հիմա ընթանում է առանց լուրջ բախումների, որոնք ճգնաժամ կառաջացնեին տարածաշրջանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ