«Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ՀՕՊ միասնական համակարգ, միացյալ զորախումբ, ռազմատեխնիկական գործակցության պայմանագիր: Այս ամենը կարեւոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ն չկարգավորված հակամարտություն ունի, որի շուրջ իրավիճակը լարված է մնում»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս քաղաքագետ, վերլուծաբան Անդրեյ Արեշեւը:
Անդրադառնալով օրերս կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը՝ նա արձանագրեց. «Ցավոք, այդ բանակցությունները դատապարտված էին շփման գծում արձանագրելու հերթական միջադեպը, երբ հայկական կողմում զոհ եղավ: Նման միջադեպերը չեն նպաստում կողմերի միջեւ վստահության կայացմանը»: Ըստ փորձագետի՝ հակամարտության գոտում իրավիճակը տեւական ժամանակ լարված է մնալու. «Հույս է ներշնչում միայն այն փաստը, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո ակնհայտ է՝ հակամարտությունն ուժով չի կարող լուծվել: Բանակցություններին այլընտրանք չկա»:
Անդրեյ Արեշեւն ընդգծեց՝ Արցախյան հակամարտությունն այն կետն է, որ դեպքում ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կոորդինացված են աշխատում եւ տարաձայնություններ չունեն. «Դա ակնհայտ տարբերվում է երկու երկրների՝ այլ հարցերում ունեցած մոտեցումներից»:
Փորձագետը նաեւ ասաց. «Ցավոք, փոխզիջումների ճանապարհը պահանջում է երկու կողմերի բարի կամք, ինչը չենք տեսնում: Հակամարտության գոտում խաղաղապահներ չկան, եւ կողմերն են պահպանում հավասարակշռությունը շփման գծում: Խաղաղապահների առկայությունն ամրագրված է «Մադրիդյան սկզբունքներում», բայց այն չի կարող իրագործվել առանց մյուս կետերի՝ վստահության ամրապնդում, մոնիթորինգային մեխանիզմներ, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում: Բայց անգամ այդ տեխնիկական հարցերն այժմ չեն լուծվում, ինչը արգելակում է բանակցային գործընթացը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ