Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով:
Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համագործակցության և դեպի երրորդ երկրներ արտահանման հարցերին: Կողմերը քննարկել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ հանդիպմանը քննարկվել են Բելառուսում արտադրվող և Հայաստան մատակարարվող տրանսպորտային, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող հարցեր, նաև արծարծվել է դրանց ադապատացումը հայաստանյան պայմաններին: Պատվիրակությունների հանդիպման օրակարգում էր նաև հայ-բելառուսական գործարար համաժողով կազմակերպելու հարցը, որը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունները:
Նախարարներ Կարայանը և Առաքելյանը հանդիպել են նաև Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացի հետ՝ քննարկելով խոշոր եղջերավոր անասունների բազմացման և սերմնաբուծության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն