«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը կոտրեց իր կողմից հաստատված լռությունը, եւ հրապարակային կերպով դատապարտեց Միացյալ Նահանգներում քաղաքական ներկա պառակտվածությունը:
Առանց ներկա նախագահ Դոնալդ Թրամփի անունը որեւէ մեկ անգամ տալու, Նյու Յորքում արտասանած իր ելույթի ժամանակ Բուշը հստակ կերպով ուղերձը հղում էր հենց Թրամփին, վերջինիս կողմից «Թվիթեր»-ում քաղաքական իր մրցակիցների դեմ հաճախ կիրառվող խայթոցներին, դեպի ԱՄՆ ներգաղթը դադարեցնելու նրա ջանքերին ու միջազգային առեւտրային գործարքներից ԱՄՆ-ը դուրս բերելու նրա քայլերին:
‘’Մենք ականատես, թե ինչպես ենք մեր ուղուց շեղվում դաժանությամբ ուղեկցվող քայլերով: Երբեմն թվում է, թե մեզ իրարից հեռու վանող ուժերն ավելի հզոր են, քան մեզ իրար կապողները: Մենք ականատես եղանք, թե ինչպես է ազգայնականությունը կերպարանափոխվում օտարամերժության: Մոռացանք, որ ներգաղթն է շարժունակություն ապահովել Ամերիկայի համար: Մենք ականատես եղանք, թե ինչպես է ազատ շուկաների նկատմամբ մարում մեր վստահությունը, մոռացանք, որ տնտեսական պրոտեկցիոնիզմին հետեւում են հակամարտությունները, անկայունությունն ու աղքատությունը’’:
Բուշի խոսքերով, «կարծես քաջալերվում է մոլեռանդությունը, եւ մեր քաղաքականությունը’ թվում ավելի խոցելի դավադրությունների ու կեղծիքների առջեւ», հայտարարեց նա:
Իր հերթին նախկին նախագահ Բարաք Օբաման, Վիրջինիա նահանգում արտասանած ելույթի ժամանակ, առանց նշելու Թրամփի անունը, իր ուղերձներն ուղղեց նրան:
«Մարդկանց այսօր դուր չի գալիս այն, ինչ տեսնում են: Նրանք չեն հավատում, որ մեր հասարակական կյանքն ապահովում է մեր ցանկությունները: Դրան հակառակ, ունենք քաղաքականություն, որը վարակում է ժողովրդի տարբեր հատվածներին: Միասնաբար աշխատելու ուղիներ որոնելու փոխարեն, այսօր կան մարդիկ, ովքեր դիտավորյալ կերպով փորձում են զայրացնել հասարակությանը: Փորձում են վարկաբեկել այլ տեսակետներ ունեցող մարդկանց:
Քանի դեռ նախկին երկու նախագահները կոչ են անում վերջ տալ բաժանարարությանը, ներկա նախագահը հայտարարում է, որ Օբաման, Բուշն ու նախկին մի շարք այլ նախագահներ նույնիսկ չեն զանգահարել զոհված զինվորականների հարազատներին: