Ժամանակը, որի խտացող մշուշը լավատեսության նշույլ չէր թողնում բարերար Լեւոն Հայրապետյանի ճակատագրով մտահոգ մարդկանց համար, դառնում էր անհուսալի երկար եւ տագնապալի: Կդիմանա՞ արդյոք այս տարվա ձմռանը: Այս անհանգստությամբ էի ամռանը Երեւանում զրուցում ազգանվեր բարերարի կրտսեր դստեր՝ Զարուհի Հայրապետյանի հետ: Գուցե Նյու Յորքում էլի՞ ցույց կազմակերպենք հարցիս պատասխանեց՝ պետք չէ, հույս կա որ առաջիկայում ինչ-որ լավ բան կլինի… Խաղաղվեցինք, զինված այդ մի կաթիլ «լավ բանի» սպասումով, այս էլ որերորդ անգամ: Սեպտեմբերին Մոլդովայի մարզային դատարանի նիստում իջեցրած դատավորի մուրճը գիլյոտինի զարկին համազոր նշանակություն ունեցավ: Առողջական պատճառներով Սարանսկի մերձակա կալանավայրում իր «պատիժը» կրող 68 ամյա հայ բարերարին ժամկետից շուտ ազատ արձակելու մասին միջնորդությունը հերթական անգամ մերժվեց:
Երեք տարի առաջ Մոսկվայի օդանավակայանում հայտնի գործարար, բարերար, հայ ազգի նվիրյալ Լեւոն Հայրապետյանի անսպասելի ձերբակալությունը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց Սփյուռքում: Այդ օրերին Նյու Յորքի հայկական համայնքը ակտիվ մասնակցություն ունեցավ ծավալված «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» շարժմանը: Երկու անգամ հայ ազգային գործչին ազատելու պահանջով բողոքի ցույց կազմակերպվեց Նյու Յորքում ՌԴ հյուպատոսարանի առջեւ: Այս տարի գաղափար կար դրամահավաք կազմակերպել եւ Ստեփանակերտում ստեղծել Արցախի մեկենասների պատվո արահետ, ուր տեղադրվող առաջին աստղը կրելու էր Լեւոն Հայրապետյանի անունը:
Լեւոն Հայրապետյանի կյանքի ավարտի այսպիսի ոդիսականը միանգամայն սպասելի էր: Այն տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների ակտիվ լռության, նրա ճակատագրի նկատմամբ ցուցաբերած միտումնավոր անձեռներեցության արդյունքում: Ռուսական բանտից Արցախի թիվ մեկ բարերարի արտահանձնման խնդիրը այդպես էլ չդարձավ քաղաքական պատվի հարց ՀՀ իշխող վերնախավի համար, որի առաջին դեմքի հետ ծանոթ-ճանաչ, նույն հող ու ջրի մարդիկ են եղել: Դա կլիներ նախագահ Սերժ Սարգսյանի հակաքայլը գլխահատ Սաֆարովի ալիեւյան գործարքի հանդեպ, ինչը միայն հարգանքի ու երախտագիտության զգացում կառաջացներ:
Այժմ ավելորդ է անդրադառնալ «Բաշնեֆտ» – «Սիստեմա» գործարքի խառը պատմությանը, դրանում Լեւոն Հայրապետյանի հանցակցության աստիճանին, հետո՝ ցմահ ազատազրկված, մարդասպան – ահաբեկիչ Իգոր Իզմեստեւի մոր ցուցմունքին, ինչի հետեւանքով 68 ամյա հիվանդ բարերարի կյանքի համար անհամատեղելի բանտային կեցությունը երկարաձգվեց եւս 4 տարով: Համաձայն ռուսական առցանց մի հրապարակման, կալանքի այդ ժամկետի ավարտից հետո նրա դեմ նախապատրաստված էր եւս մեկ ցուցմունք…
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում: