Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրական մտահոգությունները

Հոկտեմբեր 21,2017 10:00

Ձեզ չի՞ զարմացնում, որ կառավարության նախաձեռնած գրեթե բոլոր օրինագծերը իշխանության կողմնակիցների ջերմ հավանությանն են արժանանում, իսկ ընտանեկան բռնությունները կանխարգելող օրինագիծն անողոք քննադատության թիրախ է դառնում նույն իշխանամետ շրջանակների կողմից: Մի՞թե դա ամենավատ օրինագիծն է, որը երբեեւէ մշակվել է կառավարության կողմից: Ակնհայտորեն` ոչ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ մարդկանց «վերեւից» թույլատրել են օրենքին դեմ խոսել, կամ նույնիսկ` խրախուսում են նման վարքագիծը: «Խոսացողներն» էլ են շահում` լավ առիթ է «ինքնուրույնություն» դրսեւորելու եւ «ազգային-ազատագրական» ճառեր արտասանելու:

Ինչի՞ համար է իշխանությունն այս դեպքում թույլատրում կառավարական նախագծի «խիստ քննադատությունը»` ես հաստատ չգիտեմ: Հավանաբար, ինչ-որ ԵՄ-ական -ԵԱՏՄ-ական խաղեր են, որոնք այնքան էլ հետաքրիքր չեն: Ավելին՝ մեծ հաշվով, կընդունվի՞ այդ օրենքը, թե՞ ոչ, այնքան էլ կարեւոր չէ. եթե չկա հասարակության աջակցությունը, եթե կանայք ցանկանում են «ռեժիմով ծեծ ուտել» եւ «ամաչել» դրա մասին բարձրաձայնել, ապա այդ օրենքից մեր հասարակությանը ոչ տաք կլինի, ոչ սառը:

Ինձ ավելի շատ այլ բան է անհանգստացնում` որ այս քննարկումը հերթական առիթն է տվել բռնության արդարացման եւ անգամ քարոզչության: (Նույն տրամադրություններն, ի դեպ, ես զգացել եմ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ): Արդարացումներն այս առումով «շատ տրամաբանական» են.  «Քանի Հայաստանում կա կոռուպցիա, արտագաղթ, աղքատություն, հետեւաբար, ընտանիքում կնոջը քացու տակ գցելը միանգամայն արդարացված է»: «Սկզբից լուծեք մարդկանց սոցիալական խնդիրները, հետո պահանջեք մարդկանցից, որ նրանք ընտանիքում իրենց գազանի նման չպահեն»:  «Իսկ դու հայրական ապտակով չե՞ս դաստիարակվել»: Վերջին հարցին անկեղծորեն պատասխանեմ` ոչ, եւ իմ դաստիարակությունից դժգոհ չեմ:

Ինձ մտահոգում է նաեւ, որ, ըստ լուրերի, այդ օրենքի մեջ շահագրգռված է Եվրամիությունը, եւ դա ավելորդ լարվածություն է ստեղծում, որի արդյունքում հակադրվում են «հայկական ընտանիք» եւ «եվրոպական արժեքներ» հասկացությունները: Երբ բռնության քարոզիչները «պաշտպանում են» հայկական ընտանիքը, ես մի պահ սկսում եմ կասկածել՝ արդյոք նրանք խոսում են հայկակա՞ն, թե՞, ասենք, սաուդական կամ պակիստանյան ավանդույթների մասին: Իրականում չկա նման հակասություն. իսկական հայկական ընտանիքը, որի անդամներն իրար սիրում են, հարգում եւ ներում են, միանգամայն եվրոպական է: Եվ ընդհանրապես, Նարեկացու, Կոմիտասի ազգը թերեւս ավելի եվրոպական է, քան իրենք՝ եվրոպացիները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կնոջ վրայ ձեռք բարձրացնելը, Հայաստանի Հանրապետության
    Քրեական Օրենսգիրքի հիման վրայ, արդէն յանցագործութիւն է, պատժելի է:

    Մի հատ կարդացէք սոյն Օրէնսգիրքի Բաժին 7-ի Գլուխ 16-ը:
    Յօդուածներ 104-ից 121: Ջինջ ու յստակ:
    Ծեծը բառացիօրէն, կարգին վերնագրով, նկատի առնուած է Հոդված 118-ի մէջ:

    https://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1349#7

    Հետեւաբար, «Ընտանեկան Բռնութեան» վերաբերող Օրէնքի նախագիծը կապ չունի ոչ Օրէնքի հետ, ոչ ել կիների եւ երեխաների պաշտպանութեան հետ, քանզի այդ ուղղութեամբ՝ նա աւելորդ է, կրկնողական է:

    Այդ նախագիծը զուտ քաղաքական բնոյթ կը կրէ, կամ ել աւելին՝ գաղափարաբանական (ideological) : Այս կէտը լաւապէս հասկացած են անոր դէմ բողոքող քաղաքացիների գոնէ զարգացած հատուածը:

  2. Հ.Շ. says:

    Ի դէպ, վերեւ պարզուած տուեալների հիման վրայ, այս նիւթի մէջ Ոստիկանութեան կեցուածքը – ի նպաստ՝ «ընտանեկան բռնութեան դէմ»յատուկ Օրէնքի մը որդեգրման -, խառնուրդ մըն է կեղծաւորութեան, զուր ամբոխահաճութեան եւ ծիծաղելի PR-ի:

    Քանզի փաստօրէն, եթէ Յարգելի Ոստիկանութիւնը ուզէ, արդէն իսկ գոյութիւն ունեցող Օրէնքների հիման վրայ, նա կարող է օրինական հետապնդման ենթարկել կին-ծեծող աւանակները: Սակայն Օրէնքի կիրարկումը, Հայաստանում, թէական ու կամայական է – եւ ոչ միայն այս նիւթի կապակցութեամբ, անշուշտ – : Հետեւաբար,այստեղ ալ ձեւացնում են թէ Օրէնքը բաւարար չէ, որ իրենք իրենց տարրական գործը բարեհաճին կատարել:

    Ցաւալի:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Seyran says:

    Ճանապարհային երթևեկության կանոնները հարյուր տարի ընդունված է,կամ մնացած օրենքները,կատարում ենք?,որ այս օրենքի նախագծի շուրջ այսքան բանավիճում ենք:Ուղղակի ,,էս,,իշխանության ներկայացրած բոլոր նախագծերը քննադատելի են,թե չե ինչ?ընդիմություն…

  4. bzjackal says:

    «Իսկ դու հայրական ապտակով չե՞ս դաստիարակվել»: Վերջին հարցին անկեղծորեն պատասխանեմ` ոչ, եւ իմ դաստիարակությունից դժգոհ չեմ:”

    Շատ հնարավոր է’ սեփական դաստիարակությունից գոհ լինել: Շատ են հանդիպում մարդիկ, որոնք նույնպես գոհ են սեփական դաստիարակությունից, չնայած (երբեմն նաև’ շնորհիվ) “հայրական ապտակի”:
    Գոհ կամ դժգոհ լինելն այս պարագայում, թվում է, այլ հարց է, չնայած ինչ-որ տեղ դաստիարակության հետ նույնպես առընչվում է:
    Գոհերն ու դժգոհներն էլ, թվում է, ամենատարբեր կրթական մակարդակ, սոցիալական կարգավիճակ ունեցող մարդիկ են…

    Ուղղակի անհասկանալի է’ այս անկեղծ մեջբերումն ինչի համար էր արված: Որպես արգումենտ, չափանիշ, թե……ի՞նչ:

  5. Լավատես says:

    ՝Իրականում չկա նման հակասություն. իսկական հայկական ընտանիքը, որի անդամներն իրար սիրում են, հարգում եւ ներում են, միանգամայն եվրոպական է: Եվ ընդհանրապես, Նարեկացու, Կոմիտասի ազգը թերեւս ավելի եվրոպական է, քան իրենք՝ եվրոպացիները:՝

    Համաձայն եմ հարյուր տոկոսով:

    Մենք ոչ թե դեմ ենք ուրիշ ազգերի լավ օրենքներին, այլ դեմ ենք նրան, որ հնարավորություն չունենք ունենալ որեւէ ռազմավարական ազգային մեր սեփական օրենքը, մեզ պարտադրում են ուրիշների օրենքները, կարծես թե մենք Մխիթար Գոշ կամ Տիգրան Մեծ չենք ունեցել, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե հայը հայ օրենքով շարժվի, հայի դեմ խաղ չկա, բարեբախտաբար նրանց համար մենք հայերով մեր մասին նման կարծիք չունենք եւ դժբախտաբար բոլոր ազգերի՝ այդ թվում նաեւ հայերի թշնամիների, այնպես որ մեր առաքելությունը բոլոր ազգերի ու ժողովուրդների համար՝ վերադառնալ հայ էությանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031