Վերջերս Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցած «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գրքի տոնավաճառն ու ցուցահանդեսը տարբեր միջոցառումներ են: «Ֆրանկֆուրտում տոնավաճառ է՝ գրքի վաճառքի տոն: Սա նաեւ հեղինակային իրավունքների վաճառքի տոն է, այստեղ են կնքվում պայմանագրեր՝ այլ երկրում քո մշակույթը թարգմանելու, հրատարակելու, տարածելու նպատակով:
Մինչդեռ մենք կոնկրետ այդ տոնավաճառում մինչ օրս շատ քիչ հայ հեղինակներ ենք կարողացել «հրամցնել» աշխարհին: Օրինակ՝ Ֆրանկֆուրտում գրախանութ այցելելիս նկատեցի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի գիրքը, մինչդեռ նույն գրախանութում ոչ մի հայ հեղինակ չկար: Հանդիպեցի նաեւ շուրջ 50 վրացի հեղինակների գերմաներեն թարգմանված գրքերի: Ասածս այն է, որ Ֆրանկֆուրտում մեր տաղավարը պետք է լցնել ոչ թե զուտ գրքերով, այլ բովանդակությամբ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
20.10.2017