Լրահոս
Օրվա լրահոսը

Լույսը եւ լույսից թաքնվողը

Հոկտեմբեր 21,2017 15:30
merujan Ter-Gulanyan

Չեմ փորձի հաստատել, թե դա այդպես է, այսինքն` ընդունելի բոլորի համար, բայց ինձ համար չորս բան հաստատուն է, որոնցով կարելի է անվերջ հիանալ ու չհոգնել, չհագենալ: Դա աստղազարդ երկինքն է, բոցկլտացող խարույկը, քնած երեխան եւ հոսող կենդանի ջուրը, որի խորքում հաստատ ապրում է ջահել ձուկը:

Այո՛, ինձ համար դա այդպես է, եթե, իհարկե, դեռեւս ապրում եմ եւ հողի վրա եմ:
Եվ այդ չորս առնչությունները մեր կյանքի դժվար օրերի մեջ կարծես թե հեշտացնում են, հնարավոր դարձնում ընդունել քո հորդորը, Տե՛ր.
Ների՛ր թշնամուդ եւ համակերպվիր մահկանացուին հասու բարձրագույն երանությանը:

Սակայն միեւնույն է, դժվար փորձություն ես առաջադրել, Տե՛ր, որի ծանրությունից խարխլվում է մարդու հոգու հիմքերը եւ քո իսկ նվիրած սիրո սահմանադրությունը՝ ճանապարհ բացելով շարունակական տագնապների:

Իհարկե, կարելի է ներել թշնամուն կամ մոռանալ նրան, եթե նա երեւութական է, ունի դեմք ու անուն եւ ներում է հայցում: Բայց հաստատ հնարավոր չէ ներել աներեւույթ թշնամուն, որը ներկայանում է դեմքով բարեկամի եւ քեզ հետ կիսում քո սեղանն ու խոսքի սրբազան հացը ու դավում քեզ թաքուն՝ դեմքը թաքցրած շողում ժպտերես պաստառի հետեւում:

Երբ Ալեքսանդր Մեծը` ճակատագրի տրուբադուրը, այցելեց Արարատի քրմին եւ նրա քարանձավ ապարանքի կենտրոնում տեսավ շքեղ ջրավազանում լողացող միայնակ ձկանը, հարցրեց.
– Ինչո՞ւ է ձուկը մենակ, եւ ի՞նչ է դա խորհրդանշում:
Քուրմը պատասխանեց.
– Ձուկը Աստծո նշանն է:
– Ո՞ր աստծո,- զարմացավ բազմաթիվ աստվածների երկրպագող Ալեքսանդրը:
– Աստված մեկն է, ով Մեծն Ալեքսա՛նդր,- պատասխանեց քուրմը:
– Եվ ի՞նչ է այդ Աստծո անունը,- հարցրեց Ալեքսանդրը:
– Ոչ ոք չգիտի,- ասաց քուրմը,- մենք սպասում ենք, որ նա պիտի գա, եւ նա հայտնվելու է միայնակ: Իսկ դու` անհանգիստ հոգի՛, ոչ թե Ամոնի որդին ես, այլ գալիք Աստծո նախանշանը, որի գալստյան ճանապարհն արդեն բացում ես քո բանակով…
Այնինչ Արարատի քուրմից եւ Ալեքսանդրից հեռու, անպարտելի թվացող Հռոմում կային լույսից թաքնվող նույնիսկ կոյուղու աստվածներ, որոնք հաստատ երբեք չէին նայել աստղերին, չէին տեսել կրակը եւ անապակ կենդանի ջուրը ու, ապրելով թանձրագաղջ խավարում, մտմտում էին:

Այսօր էլ են մեր կողքին մտմտում նրանք, թե ինչպես են իրենց պղտոր հոսքով աղտոտել, թունավորել մեզ` ապրողներիս տրված մեր կյանքն ու բարձրագույն երանությունները.
Այսինքն չորս հաստատունը. Բոցկլտացող կրակը, քնած երեխան, հոսող կենդանի ջուրը եւ աստղազարդ հավերժական երկինքը:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

20.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031