Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽ զեկույցը տեսչական ստուգում չէ»

Հոկտեմբեր 21,2017 15:00

Ըստ Էմին Երիցյանի՝ ԵԽ Կոնգրեսում քննարկված զեկույցը խիստ չէ, ավելի դրական է, քան ժողովրդավարական շատ երկրների մասին ԵԽ փաստաթղթերը

Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 33-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց մայիսի 14-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունների մասին տեղեկատվական զեկույց:

Փաստաթղթի հեղինակը Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակ Լիզա Անսալան է: ԵԽ փաստահավաք առաքելությամբ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանում գտնվող պատվիրակները, բացի այն, որ փաստաթղթում դրական են համարել ընտրությունների անխաթար եւ լավ կազմակերպվածությունը, նաեւ մի շարք մտահոգություններ են հայտնել: Կոնգրեսի լիագումար նիստին Բելգիայի ներկայացուցիչ Լուկ Մարթենսը, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, հայտարարեց, թե իհարկե, տեխնիկական վերազինումը թույլ տվեց Հայաստանին լավ կազմակերպված եւ մեկ քայլ առաջ ընտրություններ կազմակերպել, սակայն գոյություն ունեցող մի շարք մտահոգություններ շարունակվում են պահպանվել. «Մենք ընդունում ենք, որ ՀՀ իշխանությունները քայլեր ձեռնարկում են խնդիրների լուծման համար, բայց միեւնույն ժամանակ արձանագրենք, որ միայն վերազինումը չի կարող բոլոր մարտահրավերներին դիմակայել: Կան մտահոգության լուրջ առարկաներ, որոնք շարունակում են պահպանվել. վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք, ճնշումներ: Սա նոր ֆենոմեն չէ, եւ հատկապես աղքատության բարձր մակարդակ եւ գործազրկություն ունեցող շրջանակներում այն լուրջ տարածում ունի եւ կարող է ազդել քաղաքական գործընթացների վրա: Ուստի ՀՀ իշխանություններին կոչ ենք անում այս հարցերի վերաբերյալ պատշաճ հետաքննություն իրականացնել»: Պարոն Մարթենսը հատուկ շեշտադրում կատարեց նաեւ Հայաստանում հանրության շրջանում գոյություն ունեցող քաղաքական ապատիայի վրա:

Պարոն Մարթենսի՝ հատկապես քաղաքական ապատիայի վերաբերյալ դիտարկմանը ԵԽ Կոնգրեսի լիագումար նիստին արձագանքեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Նա հայտարարեց՝ անկախ նրանից՝ իրենք համամիտ են, թե ոչ զեկույցի եզրակացությունների հետ, միեւնույն է, կարեւորում են այդ փաստաթղթի գոյությունը: Իսկ քաղաքական ապատիայի մասին այսպիսի պատճառաբանություն ներկայացրեց. «Քաղաքական ապատիան Հայաստանում հիմնական խնդիրը չէ, ուղղակի Երեւանի ավագանու ընտրություններից երկու շաբաթ առաջ անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, ինչն այս պարագայում կարող էր լուրջ ազդեցություն ունենալ»:

«Առավոտն» այս կապակցությամբ որոշ պարզաբանումներ ստացավ Ստրասբուրգում գտնվող պարոն Երիցյանից: Նա նշեց, թե փաստահավաք խմբի մի մասը զեկույցում ընդհանրապես չի գրանցել այն փաստը, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն մասնակցել ավագանու ընտրություններին:

Մեր այն դիտարկմանը` ԵԽ զեկույցը բավականին խիստ է, պարոն Երիցյանը չհամաձայնեց ու պարզաբանեց. «Ընդհանրապես ԵԽ զեկույցների ֆոնի վրա Հայաստանին վերաբերողը բավականին դրական է: Նույնիսկ ավանդական ժողովրդավարական երկրների զեկույցներն ավելի քննադատական են. մեր զեկույցի մասով վերաբերմունքը բավականին դրական է: Խստության կամ ոչ խստության որեւէ բաղադրիչ չկա: Ցանկացած ընտրությունից հետո ցանկացած զեկույց փաստում է, որ եթե կան խնդիրներ եւ դրանց մասին հայտարարություններ, պետությունը պետք է արագ քննի այդ հարցերը»:

Պարոն Երիցյանը հավաստիացրեց, որ ոչ մի նման զեկույց բացարձակ չի լինում, միշտ սուբյեկտիվ բաղադրիչ լինում է, մանավանդ նման փաստահավաք խմբերի պատրաստած զեկույցներում, որոնք հիմնված են զուտ ստացված տեղեկատվության վրա. «Մամուլի հրապարակումներն են օգտագործվում, կուսակցություններն են հայտարարություններ անում. զեկույցը ձեւավորվում է ընդհանուր տեղեկատվական հոսքերի հիման վրա է»:

Հիշեցրինք՝ բայց զեկույցի առաջարկություններ եւ դիտողություններ բաժնում ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջներ են ներկայացված, օրինակ՝ կոչ է արվում պատշաճ հետաքննություն անցկացնել, ինչպես նաեւ կոնկրետ պատժամիջոցներ կիրառել ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման, բռնությունների փաստերի վերաբերյալ:

Պարոն Երիցյանը վստահեցրեց, որ ցանկացած զեկույցից էլ հետեւություններ արվում են: Ցանկացած փաստահավաք խումբ օգտվում է նախորդների պատրաստած զեկույցներից, իսկ ՀՀ իշխանությունների եւ ընտրություններում ներգրավված օղակների համար այն աշխատանքային փաստաթուղթ է հատկապես ընտրությունների նախապատրաստական փուլում եւ օրենսդրական փոփոխությունների շրջանում:

Մեր այն հիշեցմանը, թե Կոնգրեսի զեկույցում նաեւ արձանագրված է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառման փաստը, պարոն Երիցյանը պարզաբանեց, թե փաստահավաք խումբը զեկույցում ներառել է այն ողջ տեղեկատվությունը, որը ստացել է տեղեկատվություն տրամադրող կողմերից: Իսկ փաստահավաք խմբի անդամների հետ Զարուհի Փոստանջյանը հանդիպել ու նրանց տեղեկատվություն տրամադրել է. «Զեկույցը տեսչական ստուգում չէ, դա համալիր փաստաթուղթ է, որը գոյություն ունեցող իրավիճակի հայելային արտացոլումն է: Այնպես որ, փաստաթղթի ընդհանուր միտումն ու եզրակացություններն են կարեւոր, այլ ոչ թե առանձին բառերն ու ձեւակերպումները»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

20.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031