Լրահոս
Օրվա լրահոսը

Ժնեւյան հանդիպումը Ալիեւի լիակատար ձախողման վավերացում էր

Հոկտեմբեր 21,2017 12:00

Սկիզբը՝ այստեղ

Ժնեւի բանակցությունների գնալը Ալիեւի համար հավասարազոր էր իր իսկ կողմից ձեւավորած բազմամյա քարոզչական ֆոնի տապալման արձանագրմանը

Ինչո՞ւ պաշտոնական Երեւանը համաձայնեց գնալ ժնեւյան հանդիպմանը, երբ ակնհայտ է, որ անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հետպատերազմյան հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, Ալիեւն ուղղակի չի կատարում:

Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում: Այս հարցի պատասխանը տրվել է ժնեւյան հանդիպման արդյունքում տարածված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարություններում:

Արձանագրելով, որ երկու նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, միջնորդները եւ Հայաստանն ու Ադրբեջանը նախ փաստել են. «Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը»:

Ի՞նչ է սա նշանակում: Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել բանակցությունները շարունակելու եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը, ասել է թե՝ ստիպված է եղել պայմանավորվածությունները հարգելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: «Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կունենան արտգործնախարարների հետ»,- նշվեց Սարգսյան-Ալիեւ հանդիպման ավարտին անմիջապես տարածված համատեղ հայտարարության մեջ:

Ի՞նչ տեղի ունեցավ Ժնեւի հանդիպումից հետո: Ժնեւում՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանատանը, Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ուղղակի բացեց փակագծերը՝ ներկայացնելով, թե ինչ են քննարկել Ալիեւի հետ: «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր»:

Ընդ որում, ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ պաշտոնական Բաքուն մինչ օրս չի հերքել Սերժ Սարգսյանին, Ադրբեջանի իշխանություններն ընդամենը բողոքում են, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հրապարակայնացրել Ժնեւի բանակցությունների մանրամասները: «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ՝ ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք՝ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որեւէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում եւ իրականացնել, եւ դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել էր Սերժ Սարգսյանը հայ համայնքի հետ հանդիպմանը:

Բաքվից առաջին արձագանքը Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից էր, որը դժգոհեց Twitter-ում, թե «որոշվել էր որեւէ հայտարարություն չանել նախագահների հանդիպումից հետո, բայց Սարգսյանը դարձյալ չպահեց իր խոսքը»: Մամեդովին արագ եւ բավական կոշտ արձագանքեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով. «Բաքվի ժամկետանց նոմենկլատուրան դարձյալ բաց թողեց լռելու հնարավորությունը եւ ի ցույց դրեց իր ողջ սահմանափակ լինելը»:

Ապա Մամեդովին լրացրեց Ադրբեջանի ԱԳ նախարարը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն՝ նշեց Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն. «Արտգործնախարարների հանդիպման հիմնական նպատակը հստակ քննարկումներ անցկացնելն է»: Մամեդյարովն էլ հարկ համարեց անդրադառնալ Ս. Սարգսյանի՝ Ժնեւում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարություններին: «Ընդունված հայտարարությունը համատեղ հայտարարություն է: Ամբողջ տեքստը թելադրվել է նախագահների կողմից: Այդ հայտարարությունների շրջանակից Հայաստանի նախագահի անպատասխանատու դուրս գալը ճիշտ չէ»,- այսօր ասել է Մամեդյարովը:

Փաստացի, պաշտոնական Բաքուն ջղաձիգ հայտարարություններով արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունները ժնեւյան բանակցությունների վերաբերյալ ամբողջությամբ ճշմարտություն են: Այսինքն՝ այդ բանակցություններում որեւէ կոնկրետ բան չի քննարկվել, բացի այն, որ պաշտոնական Բաքուն ստիպված է լինելու առաջիկայում քայլեր ձեռնարկել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման ուղղությամբ: Թերեւս հենց այդ հարցերը քննարկելու համար էլ առաջիկայում կկազմակերպվի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Ժնեւյան հանդիպումը խաղաղ բանակցությունները շարունակելու համար կարեւոր քայլ էին: Իհարկե, այն երաշխիք չէ, որ Ալիեւն այլեւս երբեք սադրանքների չի դիմելու: Նման երաշխիք ընդհանրապես դժվար է գտնել: Բայց մեկ բան ակնհայտ է. Ժնեւի բանակցությունների գնալը Ալիեւի համար հավասարազոր էր իր իսկ կողմից ձեւավորած բազմամյա քարոզչական ֆոնի տապալման արձանագրմանը: Սա հասկանալու համար ընդամենը արժե վերհիշել վերջին ամիսներին Ալիեւի հոխորտանքները տարբեր ամբիոններից եւ տարածքային ամբողջականությունը հարգելու մասին նրա սպառնալիքները՝ ուղղված այս կամ այն կառույցին:

Նշենք, որ Ժնեւի հանդիպումը ողջունեց ԵԱՀԿ-ի նախագահությունը: ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը հույս է հայտնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունն իր արտացոլումը կգտնի Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերում: «Մենք գոհունակությամբ ենք արձանագրում նախագահների պատրաստակամությունը եւ հանձնառությունը բանակցային գործընթացը աշխուժացնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- նշել էր ԵԱՀԿ-ի նախագահության խոսնակը: «Ընդգծելով, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ուշադրությամբ հետեւել է Մինսկի խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, կառույցը հայտարարում է՝ կողմերի ջանքերի առանցքը պետք է խաղաղություն ծրագրելը լինի: ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի միջոցով, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունն ընդգծում են շարունակական պատրաստակամությունը՝ առաջ մղելու բոլոր կողմերի խաղաղության ջանքերը»,- ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հաղորդագրության մեջ:

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ողջունեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Գուտերեշը «ոգեւորված է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ եւ պայմանավորվել լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ: Գուտերեշն ընդգծել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, եւ կոչ է արել կողմերին, հիմնվելով գագաթնաժողովի դրական խթանի վրա, հաջողության հասնել բանակցություններում:

Մինչ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Ժնեւում պատրաստվում էին հանդիպման՝ Արցախի նախագահն անդրադարձավ Ղարաբաղյան խնդրին: «Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ»,- ասաց Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում։ Բակո Սահակյանը հավելեց, որ պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը եւ անվտանգությունը, եւ այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը: «Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ»,- ասել է Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը. «Մենք երբեք ագրեսոր չենք եղել եւ չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար: Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը»: «Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ: Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»,- նշել էր Արցախի նախագահը:

Սարգսյան-Ալիեւ բանակցություններից հետո արդեն Արցախի ԱԳՆ-ն արձագանքելով Ժնեւի հանդիպմանը՝ հայտարարեց. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարեւոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016թգ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում»։ ԼՂ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ այնուհետեւ ասվում էր. «Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 եւ 1995թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաեւ նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։ Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռք բերելու ճանապարհին եւս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»։

Սկիզբը՝ այստեղ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 20.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031