Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ կարեւորվեց Սարգսյան-Ալիեւ ժնեւյան հանդիպումը

Հոկտեմբեր 21,2017 14:30

Շվեյցարական Ժնեւում, բավական երկար ընդմիջումից հետո, կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կազմակերպված հանդիպումն աչքի ընկավ կառուցողական մթնոլորտով, իսկ երկու նախագահների առանձնազրույցը հիմք դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների: Թեեւ դեռ հանդիպումից առաջ ակնհայտ էր, որ շոշափելի արդյունքներ չի կարելի ակնկալել, այնուամենայնիվ հենց հանդիպման փաստը կարելի է դրական գնահատել՝ մի քանի պատճառով:

Առաջին. ապրիլյան պատերազմից հետո ստեղծված լարվածության ֆոնը պահպանվում է մինչ օրս, առաջընթաց չկա Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասով, սահմանային միջադեպերը շարունակվում են, եւ նման պայմաններում, բնականաբար, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին որոշակի խթան հաղորդելու եւ առկա լարվածությունը նվազեցնելու խնդիր կար: Դրանով էլ պայմանավորված էր համանախագահների նման նախաձեռնությունը:

Երկրորդ. նախագահների վերջին հանդիպումից (2016թ. հունիս) անցել էր ավելի քան մեկ տարի, եւ այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահներից երկուսը՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչները, փոխվել էին: ՄԽ համանախագահների նոր կազմը թեեւ տարածաշրջանային այցի ժամանակ հնարավորություն էր ունեցել առանձին շփվելու թե՛ Սարգսյանի, թե՛ Ալիեւի հետ, սակայն նրանց մասնակցությամբ բանակցային լիարժեք ֆորմատով հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունը հասունացել էր:

Երրորդ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընկած ժամանակահատվածում Երեւանից եւ Բաքվից հնչող հայտարարությունները շատ հարցերում տրամաբանորեն տարբերվում էին, միեւնույն ժամանակ ակնհայտ էր Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանության աճը: Ուստի հանդիպման կազմակերպումը կարեւոր էր բանակցային գործընթացում որոշակի հստակեցումներ մտցնելու եւ մթնոլորտը լիցքաթափելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու հիմնական հարց՝ քաղաքական բանակցությունների գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածությունը նվազեցնելու խնդիրները: Բավական հետաքրքիր է այն հանգամանքը, որ համանախագահները, այնուամենայնիվ, կարողացել են գտնել երկու կողմերի համար ընդունելի բանաձեւը: Գաղտնիք չէ, որ 2016թ. Արցախի նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան բավական լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին, եւ իրավիճակը «փրկելու» համար նախաձեռնվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, որոնց արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ ուղղված լարվածության նվազեցմանը եւ փոխվստահության միջավայրի ձեւավորմանը: Հայկական կողմը, հավատարիմ լինելով ստանձնած պարտավորություններին, վերջին մեկ տարում հետեւողականորեն տարել է այն գիծը, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կատարվեն, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել այն անհրաժեշտ նվազագույնը, որի պարագայում քաղաքական գործընթացն առաջ մղելն իրատեսական կլինի: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա Բաքուն պայմանավորվածությունները դիտարկում էր երկրորդական (որոշ դեպքերում անգամ փորձելով հրաժարվել դրանցից կամ դրանք ներկայացնել որպես Երեւանի նախապայման), իսկ քաղաքական բանակցությունները՝ առաջնահերթություն: Փաստացի, Ժնեւի հանդիպման ժամանակ կողմերը եկել են համաձայնության դեռ ավելի վաղ համանախագահների կողմից բարձրաձայնված այն մոդելի շուրջ, ըստ որի՝ քաղաքական բանակցությունները եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլերը հարկավոր է դիտարկել որպես զուգահեռ գործընթացներ:

Հատկանշական է, որ նախագահ Սարգսյանն ավելի ուշ, շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, բացել է Ալիեւի հետ հանդիպման որոշ փակագծեր՝ նշելով, որ քաղաքական մասով որեւէ պայմանավորվածություն չկա, սակայն ձեռք է բերվել համաձայնություն՝ լարվածության թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Սարգսյանի խոսքում նկատելի է նաեւ որոշակի թերահավատություն Ալիեւի կողմից պայմանավորվածությունների կատարման հետ կապված, ինչն առավել քան հիմնավոր է, երբ ունես նման փորձ: Սարգսյանը կատարեց նաեւ բավական կարեւոր շեշտադրում՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանից դուրս: Նման քայլը թերեւս վկայում է, որ նույնն ասվել է Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, եւ հայկական կողմի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա: Ավելին՝ նման հայտարարությամբ նախապես կանխվեցին Ադրբեջանի կողմից հանդիպման բովանդակության վերաբերյալ հնարավոր շահարկումները:

Եթե փորձենք ամփոփել նախագահների՝ Վիեննայի հանդիպումից մինչեւ ժնեւյան հանդիպում ընկած ժամանակահատվածը, կարելի է առանձնացնել մի քանի կարեւոր դիտարկում.

1. չնայած գործադրված բոլոր ջանքերին՝ Ադրբեջանին չհաջողվեց օրակարգից դուրս բերել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները,
2. Ադրբեջանը բանակցային սեղանին չկարողացավ նյութականացնել ապրիլյան ագրեսիան նախաձեռնելու ժամանակ ունեցած ակնկալիքները: Սարգսյանի վերջին հայտարարությունը թերեւս ի չիք դարձրեց Բաքվի հույսերը, թե բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով հնարավոր է ճնշում գործադրել հայկական կողմի վրա եւ զիջումներ ստանալ,
3. համանախագահների նկատմամբ Ադրբեջանի ճնշումները (որոնք երբեմն բացահայտ շանտաժ են հիշեցնում) եւս անարդյունք են, ինչի մասին է վկայում բանակցային գործընթացի կայունությունը:

Թերեւս հենց այս գործոններով է պայմանավորված, որ Բաքվից պարբերաբար լսելի են ոչ այդքան կառուցողական եւ շատ հաճախ անտրամաբանական հայտարարություններ, որոնք ավելի շատ ուղղված են հենց ներքին լսարանին:

Վերջում պետք է նշել, որ բավական ողջունելի էր ժնեւյան հանդիպման համատեքստում պաշտոնական Ստեփանակերտի պահվածքը: Հերթական անգամ բավական ճիշտ պահի Արցախի ԱԳՆ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ ներկայացնելով սեփական մոտեցումը եւ ընդգծելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու միակ տարբերակն Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությունն է բանակցությունների բոլոր փուլերին:

 

ՆԱՐԵԿ ՄԻՆԱՍՅԱՆ
«Հայացք» վերլուծական կենտրոն

«Առավոտ»

20.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031