Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին ատյանում կասկածելի ձեւով գործից անհետացավ քաղգործով ձայնագրության կրիչը»

Հոկտեմբեր 21,2017 14:00

Արփինեն բողոքը ներկայացնելիս լաց եղավ

Արփինե Մայսուրյանին յոթ տարի առաջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ոմն Արմենակ Հովհաննիսյանի հետ, 2010 թ. սեպտեմբերի 15-ին խարդախությամբ հափշտակել է Զարուհի Պողոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը՝ բնակարանը, բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատրաստել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող «Հայտարարություն» եւ «Ստացական» վերնագրով գրություններ՝ բնակարանի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ, որոնք էլ որպես ապացույց քաղաքացիական գործի ընթացքում 2011թ. օգոստոսի 2-ին ներկայացվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ակնարկված քաղաքացիական գործով դատավոր Էդիկ Ավետիսյանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանին իր բողոքը ներկայացրեց առաջին ատյանի դատարանի կողմից հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արփինեն:

«Գնել եմ բնակարան, որի առքուվաճառքի օրինականությունը հաստատող տասնհինգ փաստաթուղթ ունեմ, այդ թվում՝ ազգային փորձաքննություններով անցած ու օրինականությունը հաստատված ստացական, եւ հայտարարություն, նոտարով հաստատված առքուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի վրա էլ Զարուհի Պողոսյանը իր ձեռագրով գրել է՝ ստացել եմ ամբողջ գումարը, ունեմ նաեւ պետական ինստիտուտներով անցած փաստաթղթեր, որոնք ապացուցում են տան առքուվաճառքի օրինականությունը»,-ասաց Արփինե Մայսուրյանը:

Ըստ Արփինեի, «Նախաքննող եւ մեղադրող կողմը այս գործը ռուբիկ-կուբիկ տարբերակով պտտել է իրենց հարմար տարբերակով, եւ ամեն տեղ ներկայացրել, թե Խանջյան 31 շենքի վիճելի բնակարանի առքուվաճառքը եղել է իմ, ոմն Արմենակի, Զարուհու միջեւ: Դա ակնհայտ սուտ է, որն ապացուցվում է այս շինծու քրեական գործն ուսումնասիրելիս»: Ի դեպ, դատական գործընթացի ժամանակ մահացել է տարեց Զարուհի Պողոսյանը, եւ դատարանում նրա իրավահաջորդը Հասմիկ Պողոսյանն է, գալիս է փաստաբանի հետ:

Արփինեն տեղեկացրեց, որ դատարան հրավիրված նոտար Մարինե Մանուկյանը հաստատել էր, որ առքուվաճառքի պայմանագիր կնքվել է իր եւ Զարուհու միջեւ, իսկ փոխառության պայմանագիրը՝ առանձին գործարքը կնքվել է տարեց կնոջ եւ Արմենակի միջեւ:

Նշենք, որ Արմենակը մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ:

Բողոքաբեր Արփինեն ասաց, որ նախաքննական մարմինը ուշադրություն չի դարձրել մի կարեւոր հանգամանքի վրա: Ըստ պայմանագրի, վաճառվող բնակարանի գումարը կազմել է 28 000 ԱՄՆ դոլար, որից հինգհարյուր դոլարը որպես կանխավճար տրվել է Զարուհուն: Արմենակը Զարուհուց վերցրել է 20 000 դոլար, պայմանով, որ այն կվերադարձնի մի քանի տարի հետո, այն էլ 24 000 դոլարի չափով:

«Ասացեք խնդրեմ, ենթադրենք, որ ես չէի վճարել տան գումարը, ու Արմենակն իմ փոխարեն Զարուհու հետ փոխառության պայմանագիր էր կնքել, ինչո՞ւ փոխառության մեջ չի նշվել 27 500 դոլար, որը կկազմեր մնացյալ գումարը, այլ 20 000 դոլար: Կարծում եք՝ Զարուհին այդքան բարեգո՞ւթ էր, որ 7500 դոլար ինձ նվիրատվություն էր անում: Դժվար թե. ոմն Խոսրովի հետ այս տունը խարդախությամբ ձեռք բերած Զարուհին, ով նույն Խոսրովի հետ այս տունը վարձով էր տվել, ապա մի քանի անգամ վաճառել, հենց այնպես 7500 դոլար չէր տա»,-ասաց Արփինեն:

Արփինեն հայտնեց, որ հավելյալ գումարի պահանջով իրենց տուն են եկել Զարուհին, ու նրա քրոջ որդին՝ Վրեժը, սպառնալով, որ իր տված գումարից ավելի պետք է տա, թե չէ՝ վկաներ կբերի, կապացուցի, որ բնակարանը գնելիս գումարը չի տվել:

Ի դեպ, դատավճռի պատճառաբանական մասում դատարանն արձանագրել է. «Մեղադրանքը հաստատվել է Զարուհի Պողոսյանի, նրա տղայի, աղջկա ցուցմունքներով, նրանք ասացին, որ Արփինեն գումար չի տվել»:

Բողոքաբեր կողմը հայտնեց դատարանին, որ նոտարի մոտ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս ինքն ու Զարուհին են ներկա գտնվել, եւ ինչպես է, որ արժանահավատ է համարվում այն մարդկանց ցուցմունքները, ովքեր գործարքին չեն մասնակցել:
Արփինեն նաեւ հայտնեց, որ քրեական գործի դատաքննության ժամանակ անհետացել է քաղգործով ձայնագրության կրիչը, որտեղ հետախուզման մեջ այդ ժամանակ դեռեւս չգտնված անհատ ձեռներեց Արմենակը հայտնել էր, որ փոխառության պայմանագիր է կնքել Զարուհու հետ, եւ գումարին ավելացրել է տասնհինգ հազար դոլար, Թուրքիա ուղարկելու համար, բիզնես ծրագրի հետ կապված, ինչը հաստատել է նաեւ տուժողը:

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոտնահարվել է իմ արժանապատվությունը, իրավունքները, ես մեղադրվել եմ մի հանցանքի մեջ, որը չեմ կատարել, զրկված եմ եղել ինձ մեղադրողի հետ առերեսվելու իմ իրավունքից, քրեական հետապնդման եմ ենթարկվել, կասկածի տակ է առնվել իմ բարոյականությունը: Փորձաքննության եմ ենթարկվել, որի ժամանակ ապացուցվել է, որ կույս եմ, որ անհիմն են ինձ կապում Արմենակի հետ»,- այս ասելիս լաց եղավ Արփինեն, եւ դատարանը կարճ դադար տվեց:

Մեղադրող Ա. Մանուկյանն ասաց. «Ժամանակի կորուստ չլինելու համար կարող է դատարանը կարդալ եւ հետեւություններ անել», սակայն մոտ տասնհինգ րոպե ներկայացրեց իր պատասխանը: Ըստ նրա, բողոքաբեր կողմն ապացույցները փորձել է ներկայացնել կամայական: Նա ի պատասխան Արփինեի, թե առերեսումներ չեն եղել տուժողի հետ, հակադարձեց, ասելով՝ երկար ժամանակ ամբաստանյալը չարաշահել է իր իրավունքները եւ խուսափել է առերեսումից, եւ առաջին անգամ ցանկություն է հայտնել առերեսման, երբ տուժողն արդեն մահացել է: Ըստ մեղադրողի, բնակարանը որոշվել էր վաճառել 35 000 դոլարով, մինչդեռ խոսք է գնում 28 000 դոլարի մասին: Տուժողը հակասական ցուցմունք չի տվել, ինչպես պնդում էր Արփինեն, այլ մեղադրողի գնահատմամբ, հայտարարության եւ ստացականի ստորագրության հետ կապված չի հիշել: Ըստ նրա, առկա է եղել երեք ստացական. մեկը հինգ հարյուր դոլար ստանալու մասին, իսկ այն երկուսն էլ հետագայում են ստեղծվել:

Արփինեն ասաց, թե քննիչն իրեն ապտակել է աշխատասենյակում: Մեղադրողը ապտակի հատվածին չանդրադարձավ, նշեց, որ քննիչը կանչվել է դատարան, որտեղ հայտնել է, թե չի ուղղորդել Արփինեին, չի սպառնացել: Խոսքը վկա, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ քննիչ Աշոտ Մխիթարյանի մասին է: Ըստ նրա ցուցմունքի, իրականացրել է Արփինեի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը եւ այդ ընթացքում ոչ մի ապօրինի գործողություն, ոչ մի սպառնալիք կամ նման բնույթ կրող արտահայտություններ, մասնավորապես՝ «եթե դուք Ձեր մեղքը չընդունեք, ապա մենք Ձեզ կձերբակալենք կամ կկալանավորենք», նմանատիպ այլ արտահայտություններ իր կողմից չեն հնչել. «Ա. Մայսուրյանը ողջ նախաքննության ընթացքում մշտապես օգտվել է իր պաշտպան ունենալու իրավունքից, եւ եթե ինքը որեւէ անօրինական գործողություն կատարեր, ապա եւ ամբաստանյալը, եւ նրա պաշտպանն անմիջապես կարձանագրեին այդ հանգամանքը»:

Դատախազ Ա. Մանուկյանն անդրադարձավ գործի «էմոցիոնալ կողմին», մասնավորապես, պաշտպանական կողմի «ճնշումներ գործադրելուն», լրատվամիջոցներով, «կիսաբացով» մեղադրանքը «թուլացնելուն»: Ինչ վերաբերում էր դատարանից լազերային կրիչը կորչելուն, ասաց, որ այն չի հետազոտվել առաջին ատյանի դատարանում, եթե անհրաժեշտ լինի, կհետազոտվի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

20.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031