Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանկֆուրտի տաղավարը պետք է լցնել ոչ թե գրքերով, այլ բովանդակությամբ»

Հոկտեմբեր 21,2017 13:30

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, Հայաստանը շուրջ 20 տարի մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին եւ ամեն անգամ լսում ենք, այդ թվում՝ ձեզնից, որ Ադրբեջանի ներկայացրած գրականության 90 տոկոսը հակահայկական է…

– Իհարկե, Ադրբեջանը տեղով ունի հակահայկական բնույթ, էլ ուր մնաց նրա գրականությունը չլինի այդպիսին: Ադրբեջանական հասարակությունը հիվանդ է, նրան հիվանդացրել է սեփական իշխանությունը: Բայց եկեք ադրբեջանական հասարակության մեջ մեզ էլ տեսնենք: Այն ադրբեջանցին, որ եկավ, Հայաստանի տաղավարից քարտեզը վերցրեց, չի կարող իրեն ախտորոշել հիվանդ: Նա պարզապես հիվանդ հասարակության ծնունդ է: Իսկ գուցե մենք է՞լ ենք հիվանդ… Հնարավոր է, որ մեր հիվանդության տեսակն էլ այլ է… Ինչո՞ւ մենք պետք է քարտեզ գողացած ադրբեջանցու մասին մեկ շաբաթ խոսենք՝ աշխարհի հետ շփվելու, աշխարհին ներկայանալու ու նման գործառույթները մոռացած: Փաստորեն, ընկել ենք հայաստանյան ԶԼՄ-ներին քարտեզ գողացող ադրբեջանցու մասին հարցազրույցներ բաժանելով: Բա հիվանդ չե՞նք… Եկեք այդ մանրուքից փիղ չսարքենք: Դեռ վաղուց կանխազգալով, որ մեր մեջ էլ, եթե ոչ հիվանդություն, ապա հիվանդագին տարրեր կան, մշտապես խնդրել եմ արտասահմանցի գործընկերներիս՝ հնարավորինս օբյեկտիվ նկարագրել մեր վարքագիծը…

– Եվ ի՞նչ են ասում նրանք…

– Նրանք ասում են, որ դուք հիվանդ եք Ադրբեջանով: Ես էլ կավելացնեմ՝ հղի ենք Ադրբեջանով, հղի ենք թուրք բառով: Ստամբուլում մի տեռորիստ ճանճ տզզա՜ց, անմիջապես մեր ԶԼՄ-ներն արձագանքում են դրան: Այո, մենք պետք է բուժվենք: Եվ որքան էլ տարօրինակ է՝ այդ վակցինացիան իրականացնում է երկրի ղեկավարը…

– Այս դեպքում ձեր դեղատոմսը ո՞րն է:

– Դեղատոմսը խաղաղությունն է՝ եւ մեր, եւ ադրբեջանցիների համար: Ի դեպ, Ֆրանկֆուրտում երբ կոլեգաներս բարձրացնում էին այդ աղմուկը, մոտեցա ու ասացի՝ վախեցեք այն բանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վարվող բանակցությունների արդյունքում ինչ-որ մի օր, հենց թեկուզ Ֆրանկֆուրտում, ունենանք հայ-ադրբեջանական կամ հայ-ադրբեջանա-վրացական տաղավար, որտեղից հաստատ քարտեզ գողացող չի լինի:

– Եկեք գողությունից անցնենք մշակույթ…

– Այս տարի Ֆրանկֆուրտում Հայաստանն առաջին անգամ ուներ իսկապես չքնաղ տաղավար: Այս առիթով անձնական դրվատանքի խոսքեր եմ ուզում ուղղել նախարար Արմեն Ամիրյանին եւ նրա տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին՝ նման նշաձողի հասնելու համար: Բայց մի կարեւոր բաց կա. մեր տաղավարը պետք է լցնենք բովանդակությամբ…
Ֆրանկֆուրտում գրախանութ այցելելիս նկատեցի ադրբեջանցի Աքարամ Այլիսլիի գիրքը, երբ նույն գրախանութում ոչ մի հայ հեղինակ չկար: Հանդիպեցի նաեւ շուրջ 50 վրացի գրողների գրքերի, բնականաբար՝ բոլորը գերմաներեն: Պետք է հասկանալ, որ, ասենք, Ֆրանկֆուրտում մեր տաղավարը լցնել զուտ գրքերով, չի նշանակում այստեղ տպել, այնտեղ ներկայացնել…

– Ընդհանրապես, տաղավարում ներկայացնելու համար նախապե՞ս չեն ընտրվում հեղինակները:

– Օրինակ, Վրաստանի տաղավարում ներկայացված են այն գրքերը, որոնք կամ աշխարհի տարբեր երկրներում լույս են տեսել, կամ դեռ պետք է հրատարակվեն: Իսկ մեր տաղավարում հիմնականում Հայաստանում հայերեն հրատարակված գրքեր էին, որոնք, ցավոք, ոչինչ չէին ասում այցելուներին: Տարիներ շարունակ Ֆրանկֆուրտում տեսնում եմ Կատալոնիայի, Քրդստանի եւ անկախության ձգտող այլ ժողովուրդների գրքերի տաղավարները… Իմիջիայլոց, դեռ 2000-ականներին Արցախի իշխանություններին ասացի, որ ներկայանան առանձին տաղավարով կամ Հայաստանի հետ համատեղ: Մի երկու տարի ինքս եմ ԼՂՀ-ի դրոշը, զինանշանը, գրքերը ներկայացրել Ֆրանկֆուրտում: Միայն մի տարի՝ հավանաբար 3-4 տարի առաջ էր, ԼՂՀ-ի իշխանությունները որոշեցին ունենալ առանձին տաղավար: Գործուղեցին ոմն Բորիս Բարատովի, որն այդ տաղավարը վերածեց դուքանի՝ վաճառելով իր սեփական գրքերը: Փաստորեն, «խայտառակելով ռեսպուբլիկան»… Իսկ Կատալոնիան ու Քրդստանը այդ ժամանակահատվածում կարեւոր մշակութային վայրում կարողանում էին ցույց տալ աշխարհին, որ իրավունք ունեն անկախ լինելու:

 

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

20.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031