Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոն` նվիրված քաղաքի տոնին

Հոկտեմբեր 21,2017 13:00

Գնալով ավելի է աշխուժանում եւ բովանդակալից դառնում Թատերական գործիչների միության ստեղծագործական աշխատանքները, որը գործունեության զգալի մասը հատկացնում է մարզերին` բնակչությանը հասու դարձնում մշակութային կյանքին՝. նշելով թատրոնների հոբելյաններ, որը դառնում է երեւույթ եւ ուշագրավ տոնակատարություն, վաստակաշատ դերասանների մեծարումներ, տարբեր առիթներով փառատոներ եւ այլն: Վերջին տարիներին նման փառատոներ անցկացվել են Վայոց ձորի, Սյունիքի եւ այլ մարզերում, աջակցում` երկարամյա եւ շարունակվող «Թատերական Լոռի» փառատոնին:

Աբովյան քաղաքի տոնի առթիվ Աբովյանի համայնքապետարանը եւ ՀԹԳ միությունը կազմակերպել էին փառատոն, որը դարձել է ավանդական: Փառատոնի հանդիսավոր բացմանը առաջինը ելույթ ունեցավ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Ներկաներին ողջունելուց հետո նա ասաց. «Առաջին անգամ, որ փառատոն անցկացվեց Աբովյանում, մտքովս չէր անցնում, որ այն կդառնա ավանդական, կարծում էի՝ սա մեր հերթական փառատոնն է: Փառատոներ շատ ենք ունեցել տարբեր մարզերում եւ քաղաքներում: Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի շնորհիվ, մեր հերթական փառատոնը դարձավ ամենամյա: Քաղաքն ունի հիանալի հանդիսատես: Ինչպես միշտ, այսօր էլ դահլիճը լեցուն է: Աբովյանցիները յոթ օր շարունակ կդիտեն ատաջատար թատրոնների լավագույն ներկայացումները, կունենան բեմարվեստի հետ հաղորդակցվելու հիանալի օրեր»:

«Այսօր,- շարունակեց Հ. Ղազանչյանը,- նպատակային է ընտրված, որ փառատոնը բացվի «Էպսիդոն» թատրոնի «Չստացված գողություն» ներկայացումով: Բեմադրիչը երիտասարդ ռեժիսոր Արմեն Սարգսյանն է, ում ուզում ենք վստահել, որ ղեկավարի Աբովյանի թատրոնը: Հուսանք, որ նա նոր շունչ կհաղորդի թատրոնին եւ հետաքրքիր բեմադրություններով կարժանանա թատերասերների համակրանքին: Նորից շնորհակալություն Աբովյանի արվեստասերներին եւ քաղաքապետ Վ.Գեւորգյանին»:

«Հարգելի աբովյանցիներ, թատերական փառատոնը նվիրված է քաղաքի տոնի 54-րդ տարելիցին,- իր խոսքում ասաց մշակույթի, առավել եւս թատրոնի նկատմամբ հոգատար վերաբերմունք ունեցող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը,- ամեն տարի մեր քաղաքի տոնը նշում ենք մեծ շուքով, որպեսզի այն ավելի տոնական եւ հանդիսավոր լինի, ՀԹԳՄ նախագահ Հ. Ղազանչյանի հետ որոշեցինք այն դարձնել ամենամյա: Աբովյանցիների եւ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ՀԹԳ միությանը` այս հիանալի նախաձեռնության համար»:

Այնուհետեւ Վ. Գեւորգյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ներկայացումից հետո Հ. Ղազանչյանի հետ, փոքր կազմով քննարկում են ցուցադրված բեմադրությունը: Իսկ ինչ վերաբերում է «Էպսիդոն» թատրոնի ղեկավար Ա. Սարգսյանի առաջադրվելուն, քաղաքապետը եւս հույս հայտնեց, որ երիտասարդ մասնագետը կանի հնարավորը՝ թատրոնը դարձնել աբովյանցիների սիրելի վայրերից մեկը:

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն եւ դերասան Ֆրեդ Դավթյանը աբովյանցիներին ողջունելուց հետո հավելեց, որ փառատոն կազմակերպելը տառապալից եւ դժվարին աշխատանք է: Աբովյանցիներին իրենց արվեստն էին տարել. «Էպսիդոն» թատերախումբը (Դարիո Ֆո՝ «Չստացված գողություն»), Հ. Մալյանի անվան (Ա.Այվազյան, «Ցեղի ֆիզիոլոգիան»), Հ. Թումանյանի անվան տիկնիկային (Հ. Թումանյան՝ «Ոսկե ճուտիկը»), Աբովյանի (Վ.Կրասնոգորով՝ «Սիրում եմ… Եվ մեկ անգամ եւս սիրում եմ»), Երեւանի մնջախաղի (Ժ.Դադասյան՝ «Խաղը»), Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (Բ.Սլեյդ՝ «Ամեն տարի նույն օրը»), Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական (Ա.Կուլիչկով, Ս.Շեւչենկո՝ «Ժամկետը 9 ամիս») եւ Վանաձորի Հ. Աբելյանի անվան (Ալ.Շիրվանզադե՝ «Չար ոգի») թատրոնները:

Փառատոնի ավարտին քաղաքապետը գոհունակություն հայտնեց, որ փառատոնն անցավ բարձր մակարդակով եւ շնորհակալություն հայտնեց Թատերական միությանը, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Շահվերդյանին: Աբովյանի թատրոնի նորանշանակ ղեկավար Ա.Սարգսյանին եւ փառատոնի մասնակից բոլոր թատերախմբերին:

Վ.Շահվերդյանը պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց Աբովյանի քաղաքապետին, որ սատարում է թատրոնին եւ նշեց, որ ուրախ կլիներ, եթե հանրապետության բոլոր քաղաքների ղեկավարները նույնպես օժանդակեին թատերարվեստին: «Մեր թատրոնի համար մեծ պատիվ է մասնակցել նման հեղինակավոր փառատոնի, մանավանդ փակման օրը հանդես գալ թատերասեր եւ հյուրասեր աբովյանցիներ համար»,- նշեց բանախոսը:

Ներկայացումից հետո Հ. Ղազանչյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, Վանաձորի թատրոնի Նահապետ Հ. Ազիզյանին եւ թատրոնի տնօրեն Ա.Շահնազարյանին` փառատոնին մասնակցելու համար: Այնուհետեւ նա տեղի քաղաքապետարանի եւ ՀԹԳ միության շնորհակալագրեր հանձնեց մասնակից թատրոններին:

Փառատոնն ավարտվեց, բայց արձագանքները դեռ շարունակվում են…

Թատերական միությունը առավել ուշադրություն է դարձնում «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը` լրացնելով ու ավելի կատարելագործելով կանոնադրությունը: Միշտ էլ ծանրաբեռնված է եղել Թատերական միության դահլիճը: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները կուրսային եւ դիպլոմային բեմադրությունների փորձերը կատարում են այստեղ եւ ներկայացնում հանդիսատեսին: Երիտասարդ ռեժիսորների, Շեքսպիրյան, Մոնոներկայացումների եւ Հայֆեստ միջազգային փառատոների մասնակից թատերախմբերն իրենց ներկայացումների մի մասը ցուցադրում են փոքր, բայց հարմարավետ այս դահլիճում: Արդյունավետ է ավանդական դարձած երիտասարդ ռեժիսորների բեմադրությունների փառատոնը, որտեղ ի հայտ են գալիս շնորհալի ստեղծագործողներ:

Հայոց բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է: Միությունը ծրագրել է թատերախմբեր ուղարկել սահմանամերձ զորամասեր, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղեր, տեղի բնակիչներին եւս հաղորդակից դարձնել այսօրվա մշակութային կյանքին` միաժամանակ ելույթներ ունենալ նաեւ դպրոցներում:

Թատերարվեստը` ժողովրդին, այս է եղել եւ մնում Թատերական միության նպատակը եւ կարգախոսը:

 

ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ

Լուսանկարում` «Էպսիդոն» թատրոնի «Չստացված գողություն» ներկայացումից:

«Առավոտ»

20.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031