Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգված» ջրի խնդիրը լուծվեց

Հոկտեմբեր 21,2017 12:30

Վեոլիա Ջուրն աշխատում է

Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն-1» թաղամասերում, «Տարոն-4» թաղամասի «Բելոռուսների» կոչված հատվածում ջրի քանակի ու ճնշման խնդիրների առջեւ բաժանորդները հաճախ էին կանգնում: «Լեռնապատի» ջրաղբուրներից սնվող այս թաղամասերը գտնվում են քաղաքի բարձրադիր գոտիներում: Մինչդեռ կախված եղանակային պայմաններից` ջրի արտադրության ծավալներն այս աղբյուրներում ունեն սեզոնային տատանումներ եւ ջրի պակասը հաճախ էր բաժանորդների դժգոհությունների առիթ դառնում: Մի խոսքով, ջրի խնդիրն այստեղ նախորդ տարիներից էր «ժառանգություն» մնացել: Ուրիշ է, որ այս տարի ամռանը, կապված աննախադեպ շոգերի հետ, այն իրեն սովորականից ավելի ցավագին կերպով զգացնել տվեց: Ու ստիպեց նոր Օպերատորին` Վեոլիա Ջրին խնդրի լուծման ուղիներ փնտրել:

Ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության մասնագետները «Լոռի» տեղամասի ինժեներական կազմի հետ համատեղ ձեռնամուխ եղան դրանց փնտրտուքին: Ի սկզբանե պարզ էր, որ մատակարարվող ջրի քանակի ավելացում չի նախատեսվում: Հետեւաբար, խոսքը պետք է գնար թաղամասերի ներքին բաշխիչ ցանցի վերակառուցման, տեխնիկական միջոցների կիրառման ու ջրի մատակարարման համակարգի կառավարելիության բարձրացման մասին:

Շուրջ երկու ամիս տեւած բազմաբնույթ, ավելի շատ ինժեներատեխնիկական, քան բուն շինարարական աշխատանքների արդյունքում «Տարոն» թաղամասը սնող թվով 7 բազմաբնակարան շենքի համար կառուցվեց ջրամբարը շրջանցող 110մմ տրամագծով շուրջ 430 գծամետր պոլիէթիլենային ջրագիծ, որը ճնշման կարգավորիչ փականով միացվեց «Լեռնապատի»` «Տարոն» թաղամասերը սնուցող ջրագծին: Նախկինում եթե ջրամբարը պիտի պարտադիր լի լիներ ջրով, որ հնարավոր դառնար ջուրը մղել այդ 7 շենքերի ուղղությամբ, այժմ դրա անհրաժեշտությունը չկա: Այս աշխատանքների արդյունքում ընկերությունն արդեն կարողանում է կարգավորել ջրի ճնշումը եւ վերոհիշյալ բարձրադիր գոտիների բազմաբնակարանների բաժանորդներին նոր ջրագծից ապահովել մշտական ջրամատակարարմամբ` անկախ եղանակային պայմաններից:

«Տարոն-4» թաղամասում եւս նման մեծածավալ շինաշխատանքներ կատարվեցին: Թաղամասի խնդրին լուծում տրվեց գրեթե նույն կերպ: Ջրամբարը լցնող խողովակից ուղիղ միացում կատարվեց թաղամասի ներքին ցանցի ջրագծին: Այստեղ ջրամատակարարման հարցը հիմնովին կարգավորվեց եւ ջրի քանակն արդեն բավարարում է բնակչության պահանջներին:

«Տավրոս» թաղամասի եւ կից` թվով 6 բազմաբնակարան շենքերի համար էլ ջրի պակասի խնդիրը մնաց անցյալում: Փոխվել են ճնշման կարգավորիչ փականները, ցանցը մասնակի դարձել է փակուղային, ինչը թույլ է տալիս ջուրը բավարար ճնշմամբ եւ քանակով մղել սպառողներին եւ ապահովել 24-ժամյա մատակարարում: Իրականացված աշխատանքների շնորհիվ «Լոռի» տեղամասի մասնագետներն այժմ կարողանում են արագ եւ ճկուն արձագանքել խնդիրներին՝ շնորհիվ կառուցված` ջրի քանակի եւ ճնշման կարգավորման այլընտրանքային համակարգի:

Վեոլիա Ջրում համոզված են. ամռան դասերը լավ են սերտել: Մյուս տարի, անկախ եղանակային պայմաններից, Վանաձորի այս թաղամասերի շուրջ 740 բաժանորդի համար ջրի պակասի խնդիր այլեւս չի լինի:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031