Քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության գործով վերսկսված դատական նիստում այսօր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը իրագործողի՝ Մովսես Ներսիսյանի դիակի չհայտնաբերումը գուցե շահարկումների առիթ դառնա, բայց.
«Եթե անգամ 0.001 տոկոս հավանականություն կա, որ Մովսես Ներսիսյանը ողջ է, ապա այս դեպքում անգամ կան բոլոր նախադրյալները, որ Մովսեսին սպանելուն ուղղված բոլոր դիտավորյալ գործողությունները կատարվել են: Իսկ եթե անգամ դիտահորը գցելուց հետո, պայմանականորեն ընդունենք, որ նա կարող է կենդանի է մնացել, ապա նույնիսկ անմեղության կանխավարկածի գնահատմամբ՝ այս հանգամանքը մեղադրյալի օգտին մեկնաբանելուց հետո ակնհայտ է, որ առնվազն առկա է սպանության փորձի հանցակազմ՝ նկատի ունենալով, որ մահը վրա չի հասել հանցավորի կամքից անկախ հանգամանքներում»:
«Ես, ճիշտն ասած, չէի ուզում վերջին խոսք ասել, բայց, լսելով մեղադրողին, հասկացա, որ ինձ ուզում են էշի տեղ դնել…Երբ առյուծին վիրավորում են, նա ավելի վտանգավոր է դառնում մարդու համար, քան՝ ոչ վիրավորվածը: Արթուրին սպանելով՝ Թևոսը չէր թուլանա: Արթուրն ինձ համար հարազատ մարդ էր, ոնց կարայի ես պատվիրել նրա սպանությունը»,-ասաց Իսրայել Սարգսյանը:
Նրա պաշտպան Հեկտոր Սարդարյանն էլ պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին:
Հիշեցնենք, որ մեղադրողը Իսրայել Սարգսյանի համար միջնորդել է 25 տարվա ազատազրկում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ