Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՓՊ-ի ներկայացուցչի՝ շաքարախտով տատիկին քաղցրավենիքից զրկելը՝ ընտանեկան բռնություն է

Հոկտեմբեր 20,2017 21:12

Այն մտահոգությունները, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծով երեխաներին ծնողներից վերցնելու են, «Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ Արշակ Գասպարյանն, ինչպես բազմիցս շեշտել է, այսօր էլ «Հոդված 3» ակումբում կրկնեց՝ նման բան չկա, այդպես չէ: Գասպարյանը հիշեցրեց՝ «Հայաստանում 2005 թվականից առ այսօր օրենսդրական իրավակարգավորումներ ունենք, որով բոլոր այն դեպքերում, երբ որեւէ ընտանիքում կարող է լինել բացասական ազդեցություն երեխայի վրա առնվազն մինչեւ 7 օր տեւողությամբ, խնամակալության եւ հոգաբարձուների հանձնաժողովը կարող է առանձնացնել երեխային, հետո լուծել ծնողի ծնողական իրավունքների հարցը: Եվ սա գործել է, գործում է, գործելու է, որովհետեւ երեխայի պաշտպանության համակարգը պետության իրավահամակարգի հայելիներից մեկն է: Դա պետության պարտականությունն է: Այս օրենքով որոշ գործողություններ բերել է նրան, որ եթե կա ոչ միայն երեխայի վրա բացասական ազդեցություն, այլեւ բռնության տարրեր երեխայի նկատմամբ, պետությունը պետք է ունենա լծակներ ու գործողություններ երեխային պաշտպանելու համար»:

Քննարկման մասնակից «Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանն էլ ասաց, որ ընտանեկան իրավահարաբերություններում առկա դրսեւորումները, որոնց հանդիպում են գործնականում, միայն ֆիզիկական եւ սեռական բռնության մասով որոշ չափով է խնդիրը լուծում գործող օրենքի շրջանակում. «Բայց եթե խոսքը հոգեբանական կամ տնտեսական բռնության մասին, մասնավորապես՝ հոգեբանական ճնշումների, նվաստացումների, հետապնդումների, ստորացուցիչ վերաբերմունքի, տնտեսական զրկանքների,ապա այս առումով մենք որեւէ մեխանիզմ չունենք զոհին աջակցելու կամ պաշտպանելու համար: Հուսամ նախագիծը կփակի այս բացը: Նախագիծը կոչված չէ անհարկի միջամտելու ընտանեկան հարաբերություններին, նախագիծը կարգավորում է այն հարաբերությունները, որտեղ առկա է բռնություն, որտեղ խախտվում են ընտանիքի անդամներից որեւէ մեկի իրավունքները»:

Քննարկման մեկ այլ բանախոս, փաստաբանների պալատի իրավական հարցերի փորձագետ Արտաշես Խալաթյանն էլ ասաց, որ ՓՊ-ն ի հակառակ որոշ պնդումներին, ասել է՝ ե՛ւ դեմ, ե՛ւ կողմ հանդես եկողներն ունեն մեկ ընդհանուր իրավաչափ եւ հանային նշանակություն ունեցող նպատակ՝ ընտանիքներում բռնության դեպքերի նվազեցումը. «Սակայն այն գործիքակազմը, որն առաջարկվում է այս նախագծով՝ լավ նպատակների համար, մեր կառույցը չի կիսում»:

Խալաթյանը ներկայացրեց իրավապահ մարմինների հրապարակած վիճակագրությունը, ըստ որի բռնի հանցագործությունների ընդհանուր թվում 8-10%-ն առնչվում ընտանիքում բռնությունների դեպքերին: Իսկ այն պնդումներին, թե անգամ մեկ դեպքն էլ բավարար է օրենքն ընդունելու համար, Խալաթյանն այսպես հակադարձեց. «Որքան էլ յուրաքանչյուր դեպք ողբերգություն է, սակայն պետական քաղաքականության տեսակետից չի կարելի յուրաքանչյուր մասնավոր դեպքին տալ պետական կարգավորում»: Ապա՝ Խալաթյանը եվրոպական որոշ երկրների օրինակներ բերեց, որտեղ նման օրենք գործում է վաղուց, սակայն ընտանեկան բռնության դեպքերի աճ է գրանցվել:

Օրենքի նախագծի որոշ դրույթներ ներկայացնելով, ՓՊ-ի ներկայացուցիչն ընդգծեց՝

«Հոգեբանական բռնության ժամանակ նշվում է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում ֆիզիկական, տնտեսական բռնություն կիրառելով սպառնալիք: Արդյոք չկա՞ վտանգ, որ նման կերպ կարող են օրենքը մեկնաբանել այն էլ օրինակ ոստիկանությունը: Ենթադրենք՝ ծնողը երեխային ասում է՝ ականջներդ կկտրեմ, քեզ խելոք պահիր,ասենք չարաճճի երեխա է, կարող է ամեն օր կրկնվել: Արդյոք այս գործողությունը չի տնում ֆիզիկական բռնության սպառնալիքի տակ: Մյուսը՝ սոցիալական ծայրահեղ մեկուսացման մասին է խոսքը՝ ենթադրենք երեխան ընկել է վատ շրջապատ եւ պարբերաբար լքում է տունը, թմրանյութ է օգտագործում, եւ սա կանխելու համար ծնողները դուռը փակում են, որ դուրս չգա:

Կամ, տնտեսական բռնությունը, դիտավորությամբ բնակության վայրից զրկելը, ծնողն ասում է ՝գնա՛, աչքիս չերեւա՛ս, գնա՛ տատիկիդ մոտ ապրի մի քանի օր:

Կամ, ասենք ծնողը դիաբետ ունի, ու իր թոշակով մեծ քանակության քաղցրավենիք է գնում, երեխան զոռով-ուժով խլում է, ասում է՝ չես ուտի, վնաս է: Սա ստացվեց սննդի միջոցներից զրկել է»:

Փաստաբան Նոնա Գալստյանն էլ հակադարձեց Խալաթյանին. «Ձեր բերած օրինակներից որեւէ մեկը տնտեսական կամ հոգեբանական բռնության համատեքստում տեղավորվել չի կարող, որովհետեւ այդ բռնությունները պետք է գնահատեն համապատասխան մասնագետները, իրավապահ մարմինները»:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գոհար Հակոբյանն էլ անդրադառնալով Խալաթյանի պնդումներին ասաց, որ 2012ից մինչեւ հիմա 4200-ից ավելի ընտանեկան բռնության դեպքեր են գրանցվել, որոնց հետեւում իրական մարդիկ են. «Թե քանի տոկոս պետք է կազմի այդ բռնությունը, որ պետությունն իրականացնի պաշտպանություն, կարծում եմ ամեն մի պետություն ինքը պետք է որոշի: Մեզ համար կրիտիկական պահ է: Ընտանեկան բռնության լատենտայնության աստիճանն անհամեմատ ավելի բարձր է, քան այլ բնագավառներում՝ դպրոց, բանակ եւ այլն»:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրների օրինակ, ասենք Գերմանիային, որտեղ ընտանեկան բռնությունների թիվը օրենքի գործելու պարագայում էլ ավելացել են, Խալաթյանի այս պնդմանը, բանախոսներն ասացին, որ դա իրազեկվածության եւ դիմելիության արդյունք է: Իսկ Հակոբյանն էլ նկատեց՝ պետք է հաշվի առնել այդ երկրի բնակչության ավելացումն ու, թե ովքեր են ընտանեկան բռնության ենթարկվածներն եւ ենթարկողները, եւ որ երկրներից են հաստատվել Գերմանիայում, արդյոք այն երկրներից են, որտեղ ընտանեկան բռնությունն այսպես ասած՝ վարքագիծ է:

Հոգեբանական ուժեղ տառապանք պատճառելը. Այս դրույթի վերաբերյալ էլ Հակոբյանն ասաց, որ գործող օրենքում առկա է այդ դրույթը:

«Հաջորդը՝ սպառնալիքը՝ երբ օրինակ են բերում, թե երեխային կարող են ասել՝ այս ինչ բանը չանես՝ ականջդ կկտրեմ, կամ անես՝ գլուխդ կջարդեմ, ու սա տեղավորվում է հոգեբանական բռնության մեջ, որովհետեւ ֆիզիկական բռնության սպառնալիք է պարունակում, ապա վստահեցնում եմ՝ նման իրավիճակ բա-ցառ-վում է: Սա ոչ թե արդարադատության նախարարության ազնիվ խոսքն է, այլ վճռաբեկ դատարանի նախադեպն է, որը տարիներ շարունակ տեղ է գտել դատաիրավական պրակտիկայում»:

Նախագծում տեղ գտած մեկ այլ խնդրահարույց դրույթի՝ տնտեսական բռնության մասին մտահոգությունների վերաբերյալ էլ Հակոբյանն ասաց.«Մենք խոսում ենք այն իրավիճակների մասին, երբ անձին դիտավորությամբ զրկում են իր համար անհրաժեշտ բնակության վայրից եւ այլ միջոցներից, որոնց նկատմամբ ունի օրենքով սահմանված իրավունք: Որ ասում են՝ մի քանի ժամով գնա տնից, դա զրկել չէ:

Եթե դիտավորությամբ են զրկում, ապա պետությունը պետք է համարժեք արձագանքի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031