Այսօր անվանի գիտնականների, Շիրակի հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների մասնակցությամբ նշվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 20-ամյակը։ Ուշագրավն այն է, որ գիտական այս կենտրոնը Գյումրիում հիմնադրվել է 1997 թվականին, երբ քաղաքը դեռ ավերակների մեջ էր, սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր պայմաններում էր։
15 տարի շարունակ չունենալով շենքային մշտական պայմաններ, տեղից-տեղ տեղափոխվելով ու ստանալով ցածր աշխատավարձ՝ հայագիտական կենտրոնի աշխատակիցները կարողացան մեծ դերակատարություն ունենալ հայագիտության զարգացման գործում։ Այն մայրաքաղաքից դուրս գործող միակ հայագիտական ակադեմիական կառույցն է։ Այժմ տեղակայված է գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նորակառույց շենքում։
Կենտրոնի հիմնադիր Սերգո Հայրապետյանն այսօր մանրամասն ներկայացրեց, թե իր ղեկավարած գիտական կառույցը այս տարիների ընթացքում ինչ կարևոր դերակատարություն է ունեցել հայագիտության զարգացման բնագավառում։
«Այն ձեռնամուխ եղավ հայագիտության ընդհանուր համատեքստում Շիրակի ու հարակից տարածքների պատմագիտական, հնագիտական, ազգաբանական ուսումնասիրության՝ ի սկզբանե գիտակցելով, որ իրեն որոշակի դերակատարում է վերապահվում ոչ միայն տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության գիտական ուսումնասիրության բնագավառում, այլև այդ ժառանգությունը հանրությանը ներկայացնելու, այն պահպանելու և քարոզելու, ինչպես նաև տեղում գիտական նոր կադրերի պատրաստման գործում։ Ստեղծման օրից կենտրոնի գործունեության առաջնահերթություններից են Շիրակի հնագիտական հուշարձանների ուսումնասիրությունը, որը ներառում է տարածքի հնագիտական հետախուզություն, նոր հնավայրերի հայտնաբերում, պեղումների իրականացում, պեղավայրերի թվագրում, չափագրումներ, հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրություն, ցուցադրություն», -թվարկեց Սերգո Հայրապետյանը։
Նա, անդրադառնալով իրականացրած հնագիտական ծրագրերին, մատնանշեց, որ հայագիտական կենտրոնը Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյանի մեր ափին հայտնաբերել է միջնադարյան հզոր մշակութային շերտով, ձեռակերտ ու բնական քարանձավներից բաղկացած բնակավայր, որը Անի մայրաքաղաքի օրգանական շարունակությունն է։ Ըստ էության, դա եղել է Անի մայրաքաղաքի մի հատվածը։
Հայագիտական կենտրոնը մեծ դեր է կատարել Հայաստանի վաղ բրոնզեդարյան մշակութային արժեքների ուսումնասիրման գործում։ Ազատանի ու Մեծ Սեպասարի հնավայրերը ուսումնասիրելիս ՝ գիտականորեն արժևորվել է Մեծ Սեպասարի վաղ բրոնզեդարյան տաճարական համալիրի տարածքում ծիսական առարկաների պաշտամունքային տեղը հնդեվրոպական դիցաբանության և հավատալիքների համատեքստում։
Հայագիտական կենտրոնը հսկայական դեր է կատարել նաև մեր հարևանների՝ տարածաշրջանի պատմությունը խեղաթյուրելու փորձերը չեզոքացնելու գործում։ Կենտրոնի կողմից Շիրակի մարզում ուսումնասիրվել են ազգագրական բնույթի 7 գիտական թեմաներ, որոնք վերաբերվում են Շիրակի արհեստներին, տնայնագործությանը, դրանց տեղաբաշխմանը։ Քննվել են ժողովրդագրական գործընթացները, գյուղական բնակավայրերի բնակչության տեղաշարժի պատճառներն ու հետևանքները, ավանդական բանահյուսության ու ծիսատոնական համակարգերի ուղղությունները։
Նշենք, որ տարիներ շարունակ Գյումրիում կազմակերպվող հացի փառատոնը նույնպես հայագիտական կենտրոնի ազգագրագետների շնորհիվ է։ Կենտրոնը մեծ դեր է կատարում տոնածիսական արարողությունների պահպանման ու քարոզման, Շիրակի ժողովրդական երգարվեստի գիտական արժևորման գործում․ հավաքվել, քարտեզագրվել և համակարգվել են մոտ 300 երաժշտական-բանահյուսական նմուշներ, ոսումնասիրվել է աշուղական երգարվեստը։ Կենտրոնի երաժշտագետներն անցկացրել են նաև միջմշակութային երևույթների ստուգատեսություններ ՝ ադրբեջանական ու թուրքական աղբյուրներում միտումնավոր ձևով տեղ գտած կեղծ տեղեկությունները հերքելու նպատակով։
Գիտաժողովին մասնակցում էր նաև ֆրանսիացի գիտնական, կովկասագետ Ժան Պիեռ Մարեն, որը սերտորեն համագործակցում է հայագիտական կենտրոնի հետ։ Նա իր փայլուն հայերենով ցնցեց գիտաժողովի մասնակիցներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ