Լրահոս
Օրվա լրահոսը

«TO QO INCH CAVNA tiv 17 hatuk dprocum incha katarvum»

Հոկտեմբեր 20,2017 20:45

17 տարի է կրթական թեմաներով հոդվածներ եմ գրում ու կարծում եմ, որ ամենաբարդ եւ միաժամանակ խոցելի խավը մանկավարժներն են: Նրանց մեջ կան բազմաթիվ նվիրյալներ, որոնք, չնայած ցածր աշխատավարձին անձնվիրաբար են կատարում իրենց գործը, եւ  ինչ էլ պատահի, առանց դպրոցի չեն կարող ապրել:

Տարիներ առաջ, երբ Կենտրոն համայնքի դպրոցներից մեկում հայոց լեզու եւ գրականություն էի դասավանդում, այնտեղ մի բազմավաստակ մանկավարժ էր աշխատում` ընկեր Ղարագյոզյանը: Նա առավոտից մինչ երեկո դպրոցում էր անցկացնում, ու թեեւ կենսաթոշակային տարիքի էր, սակայն շարունակում էր դպրոց գալ: Տնօրենին խնդրել էր, որ թեկուզ որպես այգեպան ծառայի դպրոցին, խնամի տարածքը, բայց շարունակի մնալ: Նրան ամբողջ թաղամասը գիտեր, քանի որ դաս էր տվել այդ տարիների իր սաների հայրերին ու պապերին անգամ:

Կամ ինչպես կարող եմ չնշել Պեյո Յավորովի անվան 131 հիմնական դպրոցի արդեն նախկին տնօրեն Գրիգոր Սաֆարյանին, որի հրաշալի աշխատանքի մասին ողջ քաղաքն է խոսում, Բուլղարիայի նախագահի անունից էլ մարդը պարգեւատրվել է:

Սաֆարյանը, Ղարագյոզյանը միակը չեն Հայաստանում, բազմաթիվ նման  մանկավարժներ կան, բայց նրանց կողքին կան նաեւ այնպիսիք, որոնք ընդգրկված են հակամանկավարժական, ճղճիմ պատմություններում: Առանց անուններ տալու, նշեմ, որ, օրինակ, մի դպրոցի տնօրեն եւ ուսուցիչ միմյանց դատի էին տվել, միմյանց սեւացնում էին աշակերտության եւ մանկավարժական կոլեկտիվի աչքերում, տհաճ էր երկուսին լսելը, առավել եւս հրապարակում պատրաստելը: Ընդ որում` երկուսն էլ քաղցկեղ ունեին, բայց աննկուն ձեւով «մրոտում» էին միմյանց:

Կամ ինչպես կարող եմ մոռանալ 27 դպրոցում անցկացված տնօրենի ընտրությունները, որից հետո մանկավարժ «սաքուլիկները» սկսեցին աղմկել, որպեսի ընտրված  եւ նախկինում «դատված» տնօրենին քննադատող  Անահիտ Բախշյանի խոսքը լրագրողները չկարողանան ձայնագրել:

Մի տնօրենի էլ եմ հիշում, երբ հրապարակումից հետո եկավ խմբագրություն եւ ասաց, որ կինքնահրկիզվի հենց խմբագրությունում, իսկ իր հետ եկած մանկավարժները սկսեցին բարձրաձայն հայհոյել լրագրողներիս՝ աստվածացնելով իրենց վերադասին:

Ասածս այն է, որ կան եւ մանկավարժին հարիր կերպարով  մարդիկ, եւ այնպիսիները, որոնց երեխա վստահելը, մեղմ ասած,  տարակուսանք է առաջացնում:

Վերջին շրջանում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցը, որտեղ  իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ, եւ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին:

Այս թեմայով իմ հրապարակումներից հետո խմբագրություն չեն այցելել, բայց փոխարենը յուրատեսակ հայհոյախառն «ռմբակոծություն» է սկսվել ֆեյսբուքում:

Օրինակ, դպրոցի հատուկ մանկավարժ Նոյեմի Խաչատրյանի ինձ գրված լատինատառ նամակներն ուղղակի զավեշտալի էին եւ նաեւ ցավեցնող, որ ՀԱՏՈՒԿ մանկավարժը հենց այդպիսին է: «Քո ինչ ցավն ա, թե  17 դպրոցում ինչ ա կատարվում», «գործ տվող», «մեծ փողեր են ձեզ խոստացել», «ծախու լրագրող»,-սրանք  մանկավարժն է գրել:

Մյուսներին չեմ էլ ուզում անդրադառնալ, իրենց արած արտահայտություններն իրենց են բնորոշում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031