Կարինե Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով Ենոքավան գյուղի բնակիչ Սերգեյ Փաշինյանի տանը,ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու դիտավորությամբ, տան սենյակներից մեկում առկա պահարանի վրայից, Ս. Փաշինյանից գաղտնի, վերցրել է նրա անվամբ հաշվառված Կոնվերսբանկ ՓԲԸ-ի բանկային քարտը եւ 2017թ. հունիսի 16-ին գնալով Իջեւան քաղաք, բանկային քարտի միջոցով ապօրինի մուտք է գործել Յունիբանկ ՓԲԸ-ի մասնաճյուղին կից պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ կանխիկացնելով հափշտակել 100 հազար դրամ:
Կ. Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը նախատեսում է 500 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում: Կ. Չիբուխչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է հոկտեմբերի 5-ից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ