Օրերս Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։
Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը Վալլեքս ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։
Արդյոք դանիական կազմակերպության այս քայլը չի՞ ազդի Հայաստանի հեղինակության վրա, մասնավորապես՝ ներդրումների, եւ արդյոք այն չի՞ ազդի նաեւ Ամուլսարի հեղինակության վրա: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից:
«Մեր երկրի հեղինակության ռիսկի տեսանկյունից, իհարկե, մտահոգիչ է: Բայց այս պարագայում դանիական հիմնադրամը, որը դադարեցրել է իր բաժին ֆինանսավորումը, նույն խնդիրն ունեինք Ամուլսարում: Այսինքն՝ կար փորձագիտական եզրակացություն շահագործողի կողմից, այնուհետեւ հայտնվեց եւս այլ եզրակացություն, որը ճիշտ հակառակն է, տարաբեւեռ եզրակացություններ էին: Այս պարագայում խնդիրը նույնն է, մենք ունեինք մինչ այժմ մի փորձագիտական եզրակացություն, որով մենք ղեկավարվում էինք լիցենզիա տրամադրելիս, եւ շահագործման ամբողջ ընթացքում հիմա հայտնվեց երկրորդը»,-ասաց նախարարը:
Նրա ներկայացմամբ՝ Ամուլսարի դեպքում առաջարկվել է երկու տարբեր եզրակացություններ տվող փորձագետներին հանդիպել Երեւանում եւ նեղ մասնագիտական քննարկում անել, սրա արդյունքները հունվարին պարզ կլինեն. «Կարծում եմ «Վալլեքսի» դեպքում էլ նույն մեթոդը պետք է կիրառել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Մեր երկրում բաց եղանակով մետաղական հանքերի շահագործման ռիսկերի եւ վտանգներին անդրադառնալով, նախարարն ասաց, որ մեր պարագայում տնտեսության զարգացումն ու բնապահպանական խնդիրները պետք է համակշռել եւ միշտ պետք է գտնել ոսկե միջինը:
«Այսօր ունենք բազմաթիվ հանքեր, որոնք դեռեւս շահագործման հանձնված չեն եւ ունենք հանքեր, որոնք գտնվում են անտառային ծածկույթի տակ, բավականին հարուստ հանքեր են: Այդ լիցենզիաներն այսօր չեն տրամադրվում, որովհետեւ մենք պետք է գնանք բացառապես փակ շահագործման ճանապարհով, բացով մենք չենք տալիս լիցենզիա: Որը չի գտնվում անտառային ծածկույթի տակ, որտեղ է գտնվում, որքան է հեռավորությունը բնակավայրերից ու բնակավայրերը սնող ջրային ռեսուրսներից, այս ամենը հաշվի առնելով, որտեղ ռիսկերը նվազեցված են, ես կարող եմ ասել, որ պետք է գնալ նաեւ այդ ճանապարհով, որովհետեւ երկրի տնտեսական զարգացումը պահանջում է ներդրումներ այսօր»,-ասաց Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ