Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները

Հոկտեմբեր 20,2017 17:13

ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա:

Թե՛ Իրաքում եւ թե՛ Սիրիայում ահաբեկչազերծման գործողությունները ընթանում են հաստատ կշռույթներով: Երկու տարածքների վրա գործողություններին աշխուժորեն մասնակցում են քրդական զինյալ խմբավորումները: Մաքրազտման այս գործողությունները հիմնական շրջանները մաքրելով հանդերձ շատ արագ «թայմ-աութներ» են վերցնում․ միակտուր եւ համընդհանուր ահաբեկչության արմատախիլ անելու եւ վերջնական մաքրման չեն հանգում: Չի բացառվում, որ ի վերջո դա եւս տեղի կունենա, երբ տեղայնացված այս գործողությունների սահմանափակ համաձայնությունները հանգեն ընդհանուր մեծ համաձայնության:

Ռաքքայի ազատագրման ամիսներ տեւած գործողություններին ամենից շատ երեւաց Սիրիայի ժողովրդավարական ուժերի մասնակցությունը: Պարզ է եւ ընդհանուր համոզում, որ այս ուժերը իրենց խորքում հովանավորվել են ԱՄՆ-ի կողմից, որտեղից էլ ստանում են թե՛ ֆինանսական եւ թե՛ զինվորական օժանդակություն: Սիրիայի ժողովրդավարական ուժերի հիմնական բաղկացուցիչ հանդիսացող քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատները կարեւոր դերակատարություն են ունեցել Ռաքքայի ազատագրման գործողությունների ընթացքում: Ուրեմն, իր խորքում Վաշինգտոնի օժանդակությունը դեպի քրդական զինյալ ուժեր տեղի է ունենում միջնորդավորված ձեւով:

Մյուս կողմից, կառավարական ուժերը, որոնք չմասնակցելով Ռաքքայի ազատագրությանը ստանձնում են Ռաքքայի զինվորական վերահսկողությունը, բնականաբար հովանավորվում են Մոսկվայի կողմից, առաջին հերթին: Գործողությունը իրականանում է Վաշինգտոնի հովանավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի կողմից, իսկ ազատագրված տարածքների վերահսկողությունը ստանձնում են Մոսկվայի հովանավորությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերը: Քրդական ուժերը, որոնք մասնակից են այս երկկողմանի գործողություններին, ունեն հստակ դերակատարություն ահաբեկչազերծման ընդհանուր պատերազմում: Մոսկվա-Վաշինգտոն լուռ համաձայնությունը դրսեւորվում է այս կերպ։

Էլ ավելի է շեշտվում ԻՊ-ի ամբողջ վախազդու համակարգի գոյատևումը այն ուժերի կողմից, որոնք այսօր որոշել են գեթ այս փուլին նվազեցնել նրա ազդեցիկության գործոնը: ԻՊ-ի մայրաքաղաքը երկար ժամանակ չի դիմանում ոչ թե այս կամ այն գերտերության վճռորոշ հարվածներին, այլ նրանց կողմից միջնորդավորված ձեւով գետնի վրա կատարվող հարձակումներին:

Ոչ երկար դիմադրությունից հետո փուլ եկող` աշխարհը սարսափեցրած, նաւթային հանքերի տիրացած, ժամանակակից զինատեսակներ ձեռք բերած, տարբեր տարածքների վրա ցեղային զտումներ իրականացրած ԻՊ-ի մայրաքաղաքի պատկերը հետագա իրադրությունների վրա կարող է որոշ լույս սփռել:

Աշխարհագրական նոր սահմանագծումներով եւ ժողովրդագրական տեղաբաշխումներով հատկանշվող տարածքների համապատկերը ավելի է հստականում, երբ Դեր Զորի քաղաքամեջն ու անապատի խորքերը՝ դեպի իրաքյան եւ սիրիական սահմաններ գնացող շրջանները եւս ազատագրվեն ահաբեկիչ տարրերից:

Լարվածության մեղմացման գոտիներ հասկացությունը, որը անմիջականորեն իբրեւ գլխավոր խաղացողներ ունի Իրանը, Թուրքիան եւ ՌԴ-ն, հետզհետե պիտի տարածվի ամբողջ Սիրիայի եւ Իրաքի վրա: Բնականաբար նաեւ ներառելով Վաշինգտոնը:

Նման համաձայնություններից հետո ավելի պարզ է դառնում, թե ինչպես են ազատագրվում, դիմափոխվում եւ նոր վերահսկողություններ ստանում այդ տարածքները, որոնք ըստ ձեւի լարվածության մեղմացման, ըստ էության սակայն ազդեցության գոտիներ են` առնչված գերտերությունների համար:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Լուսանկարը՝ Public Radio International

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031