«Մենք գտնում ենք, որ Հայաստանի տնտեսությունն առավելապես պետք է կողմնորոշված լինի դեպի արտահանում»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա, տնտեսության արտահանելի հատվածը պետք է ավելի դիվերսիֆիկացված եւ մրցունակ եւ երկարաժամկետ պետք է ապահովի կայուն աճ: «Ավելի քան 21% արտահանման աճ է գրանցվել այս տարվա 8 ամիսներին, սա տպավորիչ ձեռքբերում է, եւ սա վկայում է այն մասին, որ արտահանման ճյուղերը կայունանում են»,-ասաց փոխնախարարը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն էլ անդրադառնալով տնտեսական ակտիվությանն՝ ասաց, որ գրանցվել է 5.5% աճ, եւ 6% ՀՆԱ-ի իրական աճ՝ կիսամյակում. «Սա լավ ցուցանիշ է, եւ նախատեսված 3.2% -ի փոխարեն, կառավարությունը տարվա վերջում 4.3% տնտեսական աճ պետք է ապահովի, ինչպես հայտարարել էին: Մյուս ցուցանիշները թվային առումով դիտարկելով՝ կրկին աճ կա, ուղղակի աճը ինչի՞ հաշվին է եղել: Տնտեսական աճը ինչ-որ առումով պայմանավորված է ստվերի կրճատումով: Այսինքն՝ եթե ես այս տարի արտադրել եմ 10 հատ գրիչ, ցույց եմ տվել 8-ը, հաջորդ տարի 10-ն արտադրեմ, բնականաբար ինձ մոտ աճ է գրանցվելու, բայց իրականում տնտեսության ծավալը դրանից չի փոխվելու: Ամբողջը չէ, որ սրանով է պայմանավորված: Անցյալ տարի զրոյին մոտ է եղել տնտեսական աճը, եւ այս ֆոնի վրա բավականին հեշտ է աճ ապահովել: Տնտեսական աճ ասելով՝ մենք հասկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները, ավելի կարեւոր է տնտեսական զարգացման ցուցանիշը: Այսինքն՝ այդ աճը որքանով է դառնում զարգացում, որքանով է բարձրացնում մարդկանց բարեկեցությունը: Եթե երկրում եկամուտները խիստ բեւեռացված են, ապա տնտեսական աճի արդյունքներից քիչ թվով մարդիկ են օգտվելու»:
Ինչ վերաբերում է արտահանմանը, Թունյանն ասաց, որ իրոք, թվերը տպավորիչ են. «Բայց այստեղ էլ մի քանի տպավորիչ կետեր կան՝ արտահանման կառուցվածքին նայելով՝ տեսնում ենք, որ այն աճել է 3-4 ապրանքախմբերի հաշվին: Դրանք են՝ պղինձը, ծխախոտը, կոնյակը եւ այլն: Այսինքն՝ մեր արտահանման կառուցվածքի կենտրոնացվածությունը գնալով մեծանում է»:
Թունյանը նկատեց՝ թեեւ արտահանումն աճել է, բայց ներմուծման աճի տեմպերն ավելի բարձր են. «Սա նշանակում է՝ մեզ մոտ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը գնալով մեծանում է: Կառավարության խոստումներից մեկն էլ այն էր, որ արտահանման ծավալը պետք է հասնի ներմուծման ծավալին առաջիկա տարիներին, բայց եթե այս տեմպերը շարունակվեն, ապա հակառակը, մենք ավելի ենք հետ գնալու»:
Տնտեսական մեկնաբանն ասաց, որ կառավարությունն իր բացատրությունը տվել է, ըստ որի, կապիտալ ապրանքների ներմուծումն է աճել, սարքավորումներ ու նման տիպի ապրանքներ են ներմուծել, որոնք տնտեսության մեջ ներդրվելով՝ աճ են ապահովելու. «Բայց այդ կապիտալ ապրանքների ներմուծման կշիռը ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 15%, իսկ աճի մեջ մոտ 16.8%: Սա նշանակում է՝ եթե կապիտալ ապրանքների մասը հանենք, միեւնույն է, ներմուծման աճի տեմպը գերազանցելու էր»:
Փոխնախարարն էլ ասաց, որ առաջիկայում թեթեւ արդյունաբերությունը կաճի առնվազն 20-25%-ով. «Սա ուղեկցվում է համապատասխան աշխատատեղերի աճով: 2016-ին թեթեւ արդյունաբերության ոլորտում պաշտոնապես եղել է 3,300 գրանցված աշխատող, ներկայումս 4500-ից ավելի են, տարին կամփոփենք 5,300 կամ 5,500-ով, որովհետեւ նոր մեկնարկած արտադրություններ ունենք: Սա այն ուղղություններն են, որոնք կառավարությունը տեսնում է, որպես տնտեսական աճն ավելի հավասարաչափ բաշխելու ներուժ ունեցող ոլորտ»:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ստացած օգուտներին կամ վնասներին, Թունյանն ասաց. «Ի սկզբանե մենք այդ օգուտները չէինք էլ ակնկալում: Մենք ուղղակի մտանք այդ միություն, հետո սկսեցինք մտածել, թե ինչ օգուտներ կարելի է այդտեղից ստանալ: Ու Համաշխարհային բանկի հաշվարկներով ՀՀ-ն, մինչեւ ԵԱՏՄ-ին անդամակցելը, ամենաշատ կախվածության մակարդակն ուներ ՌԴ-ից: Հաշվարկ կար՝ ՌԴ-ի 1 տոկոսանոց անկումը Հայաստանի տնտեսության անկման վրա ազդում է 0.6%-ով: Այսինքն՝ անկախ նրանից, անդամակցելու էինք, թե՝ ոչ, այս բացասական ազդեցությունը լինելու էր, նույնպես դրականը: Խնդիրն այն է, որ եթե անդամակցել ենք, այդ կամուրջ ասածը փորձենք իրականություն դարձնել: Այս դեպքում էլ աշխարհաքաղաքական խնդիր կա, օրինակ՝ Իրանի կամ Վրաստանի հետ ինչպես պետք է լինենք»:
Հարցին՝ ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած չլինեն, եւ իշխանությանը մոտ գտնվող բիզնեսները արտոնյալ չլինեն, փոխնախարարը պատասխանեց. «Մենք ավելի շուտ կհասնենք նրան, որ այդ բիզնեսները չլինեն արտոնյալ իրենց մրցակիցների նկատմամբ եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արվում են՝ մաքսային եւ հարկային վարչարարությամբ, ի տարբերություն նախորդ կառավարությունների: Իմ անձնական կարծիքով՝ բիզնեսն այն ժամանակ զերծ կմնա իշխանության մեջ գտնվելու հրապուրանքից, երբ վստահ լինի, որ կառավարությունում գտնվողներն իր շահերը պաշտպանելու են, անկախ այն հանգամանքից, թե որքան են իշխանությանը մոտ: Պետք է մոտ գտնվելու ցանկություն ու մոտիվացիա չունենա»:
Փոխնախարարը վստահեցրեց՝ առաջիկայում պետք է ավելի շատ տարանջատվեն բիզնեսն ու իշխանությունը, եւ սա աստիճանաբար է լինելու ու վստահության հիմքով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի