Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Ցավոք, Ժնևում կայացած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են»

Հոկտեմբեր 20,2017 16:37

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ բանակցությունների արդյունքներով

Բարև Ձեզ, ողջունում եմ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն Երևանում:

Այս տարի մենք հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն ենք նշում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը: Լեհաստանի հայ համայնքը հաստատուն կամուրջ է հանդիսանում մեր երկու բարեկամ պետությունների միջև: Անցած դարերի ընթացքում հայերը հանդիսացել են Լեհաստանի արժանի քաղաքացիներ՝ որպես տաղանդավոր պետական ու ռազմական գործիչներ, գիտնականներ, արվեստաբաններ: Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել նվիրված լեհահայությանը՝ ցուցահանդեսներ, համերգներ, գիտաժողովներ, Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան նախագահական պալատում հատուկ ընդունելություն է կազմակերպել այս կապակցությամբ։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության և ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով մեր երկրներին հաջողվեց կայուն հիմք կառուցել՝ հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում:

Այս օրերին Լեհաստանում պաշտոնական այցելությամբ է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Լեհաստանի նախագահի և Սենատի մարշալեկի հետ: Երեկ Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ներկայությամբ Լեհաստանի Սենատը բանաձև է ընդունել հայ համայնքի կազմավորման 650-ամյակի կապակցությամբ, որտեղ կարևորում է հայերի դերակատարությունը լեհական պատմության մեջ և շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ստեղծարար ներդրման համար: Նույն օրը Սենատում բացվել է «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը: Այս ամենն առավել քան խորհրդանշում է հայ-լեհական դարավոր բարեկամությունը:

2005թ.-ին Լեհաստանի Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, իսկ 2015թ. Լեհաստանը համահեղինակել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևին:

Մենք մեծ ներուժ ունենք տնտեսական ոլորտում, ինչի լիարժեք օգտագործման համար հատկապես կարևոր են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին։

Հավելեմ նաև, որ վերջին շրջանում զարգացել է համագործակցությունն ապակենտրոնացված, գիտակրթական, մշակութային բնագավառներում։

Մենք համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում։ Այս համատեքստում ցանկանում եմ շնորհավորել Լեհաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանը։

Պարոն Վաշչիկովսկու հետ մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածարջանային հրատապ խնդիրների շուրջ։

Ես Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրեցի միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:

Ցավոք, Ժնևում կայացած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով զինվոր է զոհվել երեկ։

Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Այժմ խոսքը փոխանցում եմ արտգործնախարար Վաշչիկովսկուն։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031