«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը վերսկսվելուն պես այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց դատական սանկցիա կիրառել ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպաններ, փաստաբաններ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի, ինչպես նաեւ՝ ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ: Նրանք չէին մտել նիստերի դահլիճ՝ այդ կերպ բողոքելով այն փաստի դեմ, որ հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն ի վիճակի չէ նիստի մասնակցել, մինչդեռ դատավորը որոշել է շարունակել այն:
Կրկին առանց պաշտպանի մնացած Ժիրայր Սեֆիլյանը դատավորին ասաց, որ Ներսես Պողոսյանի վիճակը հաշվի առնելով՝ հնարավոր չէ նիստ անցկացնել: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, արձանագրեց, որ Սեֆիլյանին պետք է պաշտպանով ապահովել, ապա հարցրեց. «Ունե՞ք այնպիսի պաշտպան, որը չի չարաշահի իր դատավարական իրավունքները»: Սեֆիլյանը պնդեց, որ դատավորը նման պայմաններում իրավունք չունի նիստ վարել:
Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց գրություն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ հաջորդ նիստում Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ուղարկելու խնդրանքով:
Նիստը հետաձգվեց՝ ոչ այն պատճառով, որ հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն ի վիճակի չէ ներկա լինել, այլ որովհետեւ Ժիրայր Սեֆիլյանը պաշտպան չուներ: Հաջորդ նիստը կկայանա մյուս ուրբաթ՝ 11 00-ին:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ