Մի խումբ ստեղծագործող երիտասարդներ ստեղծել են «ԲաՌբառագետ» թիմը՝ BBG-ն։
Թիմի ստեղծման գաղափարը Տիգրան Աթայանին էր, անդամներն են՝ Կոստանտին Կոզմանովը, Թաթուլ Ծատրյանը, Արկադի Լալազարյանը և Հելենե Գրիգորյանը։
Թիմն իր մեջ ներառում է թատերախումբ, որի ղեկավարն է Կոստանտին Կոզմանովը։
Օրերս ներկայացրել են լեհ հայտնի դրամատուրգ Սլամովիր Մրոժեկի «Մեզնից մեկը» (պիեսի վերնագիրն է «Երեքը բաց ծովում») բեմադրության առաջնախաղը։ Պրեմիերան տեղի է ունեցել Կապանի քաղաքապետարանի մշակույթի տան դահլիճում։ Հանդիսականների թվում է եղել նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Նույն գործը երիտասարդները խաղացել են նաեւ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Բեմադրությունն իրականացրել է Իշխան Ղարիբյանը, բեմական շարժումը՝ Աղուն Հովհաննիսյանինն է:
Մեզ հետ զրույցում թիմի անդամ Արկադի Լալազարյանն ասաց. «Թիմի ստեղծման նպատակն է՝ Կապանի բարբառի պահպանումն ու այն սիրված դարձնելը։Մենք ապագայում պատրաստվում ենք բացել մեր սեփական պրոդյուսերական կենտրոնը, բայց դա դեռ ապագայի անելիք է… Նշեմ նաև, որ մեր լավ ընկեր Թաթուլ Ծատրյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմին և վիրավորվել էր։ Նա երկար ժամանակ չէր բարձրացել բեմ ու Կապանի հանդիսատեսի համար Թաթուլի բեմ բարձրանալը սպասված իրադարձություն էր»։
BBG թիմը գրում է նաև երգեր, որոնք արդեն ներկայացվել են Կապանում։
Վարսիկ ՍԱՀՐԱԴՅԱՆ