Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուժելու են նրանք, որոնք լավ էին սովորում ու արդար ճանապարհով գնում դեպի գիտություն». Արեն Մանուկյան

Հոկտեմբեր 20,2017 13:15

«Հասարակությանը մտածված քայլերով տանում են դեպի զոմբիացման»,-ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխության վերաբերյալ քննարկմանը «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ Արեն Մանուկյանը:

Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններ, համաձայն որոնց՝ ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին։ Երիտասարդության մի հատված մտահոգված է, որ նախաձեռնությունը կարող է մեծ վտանգ դառնալ բարձրագույն կրթության ողջ համակարգի համար։

Արեն Մանուկյանի դիտարկմամբ՝ այս նախաձեռնությամբ իշխանությունները խնդրին չեն ուզում համակարգային լուծում տալ: Նա վստահ է, որ այդ փոփոխությունից տուժելու են նրանք, որոնք լավ էին սովորում էին ու արդար ճանապարհով գնում դեպի գիտություն. «Նախաձեռնությանը կողմ արտահայտվում են հիմնականում իշխանական երիտասարդական թևերը. իրենց ղեկավարներն են ներկայացրել, իրենք պիտի պաշտպանեն: Մյուս կողմից այս ռազմահայրենասիրական պաթոսը, որ ստեղծել են, վտանգավոր է, երբ հարց են բարձրացնում՝ դո՞ւ ինչ ես արել Արցախի համար և այլն: Սա ազդելու է ոչ միայն բանակում ծառայելու, այլև գիտությամբ զբաղվելու վրա: Այսպիսով հասարակությունը դեգրադացնելու են: Երկիրը դրանով տանում են դեպի ավտորիտար ռեժիմ: Ազգ- բանակ այս փաթեթավորված նախագիծն էլ ամբողջ համակարգի մի մասն է, որը բերել ու փաթեթել են հասարակությանը: Հանրությանը մտածված քայլերով տանում են դեպի զոմբիացման, և դրան համարժեք քայլեր են անհրաժեշտ: Իրականում ուզում են ձևավորել շարքայիններից բաղկացած մի հասարակություն, որոնք հրահանգով շարժվելու են այնպես, ինչպես ձեռնտու կլինի իշխանություններին»:

Հանուն գիտության զարգացման 2017 թվականի նախաձեռնության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոս Սարգիս Բալդարյանը հավաստիացրեց, որ շարժման մարտավարությունը որոշելու են մասնակից ուսանողները: Այնուհետև հայտնեց, որ սկզբում բաց նամակ են հղել պաշտոնատար անձանց, այնուհետև տեղեկատվական արշավ ծավալել ուսանողության շրջանում: Այսօր ժամը 14.00-ին էլ ԵՊՀ գրադարանի բակում տեղի կունենա նշված խնդրով հանդիպում-քննարկում. «Ուսանողության շրջանում թյուր ընկալում կա այն հարցի շուրջ՝ արդյոք բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողներին է՞լ է վերաբերում: Ուսանողներին ծանուցել ենք, որ օրինագիծը տարածվելու է նաև իրենց վրա: Այսինքն՝ միայն ապագա դիմորդներին չի վերաբերում օրինագիծը»:

Սարգիս Բալդարյանը հավաստիացրեց, որ շարժման կողմնակիցների թիվը գնալով աճում է. «Սա ոչ թե մի քանի հազար ուսանողի, այլ ազգային, պետական շահի խնդիր է: Տապալելու ենք ոչ թե մենք, այլ պետությունը»:

Դառնալով իրենց դիրքորոշմանը դեմ հատվածների պնդումներին՝ Սարգիս Բալդարյանն ասաց. «Նրանք ելնում են այն սկզբունքից, որ բոլորը պետք է ծառայեն ՀՀ Զինված ուժերում, և դրանով պետք է ապահովվի սոցիալական արդարության սկզբունքը ՀՀ զինված ուժերում: Բայց ընդգծենք՝ այն մարդիկ, որոնք կարողացել են խուսափել Զինված ուժերում ծառայությունից, այս օրենքի ընդունման դեպքում ևս չեն կորցնելու այդ հնարավորությունը: Եթե նախկինում կոռուպցիան տարկետման իրավունքի շրջանակներում էր, հիմա շատ հանգիստ կարող է տեղափոխվել բուժհաստատություններ: Այնպես որ, օրինագծի ընդունման դեպքում սոցիալական արդարությունը չի ապահովվելու»:

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ բոլոր այն գործիքները, որ ունի ԱԺ պատգամավորը, կիրառել ու կիրառելու է: Ըստ նրա՝ առաջարկվող մեխանիզմը՝ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել, լավն է, բայց վատ է, որ անձը չունի ընտրության հնարավորություն. «Խնդիրն այն է, թե ինչպես են իշխանությունները տեսնում մեր պետությունն ու ինչպես է այն տեսնում հասարակությունը. «Իրենք էլ են հայտարարում, որ նախաձեռնությունը կապ չունի Զինված ուժերում զինծառայողների թվի հետ: ԱԺ լսումների ժամանակ էլ ՊՆ նախարարը հստակ ընդգծեց, որ նախաձեռնությունը կապ ունի սոցիալական արդարության հետ: Փաստորեն, բուհերում կոռուպցիան վերացնելու համար վերացնում են ընդհանրապես այդ ինստիտուտը: Ստացվում է՝ հիվանդին բուժելու համար նրան սպանում են, որ հիվանդությունը չլինի: Այս փաստարկը միայն կարող է ժպիտ առաջացնել, այն չի դիմանում քննադատությանը: Կարծում եմ՝ 21-րդ դարում ՀՀ-ն ունի մեծ պոտենցիալ զարգացնելու գիտությունը և այդ արդյունքները ներդնելու տնտեսության մեջ, այս ուղղությամբ զարգանալու և դառնալու աշխարհի առաջատար երկրներից մեկը: Իսկ իշխանության ղեկին հայտնված մարդիկ տեսնում են զինվորների, կրոնականացված հասարակություն, որը պետք է շարունակի պահպանել իրենց իշխանությունը: Այդ մարդիկ մտածում են եղածը մի կերպ պահելու, ոչ թե զարգացման մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031