Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախում հայրենադարձ յուրաքանչյուր ընտանիքի 10 տարվա օգտագործման իրավունքով տրամադրվում է անհատական տուն կամ բնակարան

Հոկտեմբեր 20,2017 12:52

Նախորդ ամիս` Արցախի նոր կառավարության կազմում եղան կառուցվածքային որոշ փոփոխություններ: Փոփոխություններից մեկն էլ կառավարության աշխատակազմից վերաբնակեցման և միգրացիայի բաժնի տեղափոխումն ու ընդգրկումն էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմ (այժմ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն):

Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով բաժնի գործունեության վերաբերյալ, ԱՀ վերաբնակեցման և միգրացիայի բաժնի պետ Էլինա Մխիթարյանն ասաց, որ անկախության առաջին իսկ տարիներից վերաբնակեցումը Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և ծրագրի շարունակական իրականացման համար դիրքորոշումը չի փոխվել, անկախ այն հանգամանքից, թե պետական գերատեսչություններից որի կազմում է:

«Պատերազմական գործողությունների հետևանքով ավերված բնակավայրերի վերականգնման և վերաբնակեցման, ինչպես նաև մեծաթիվ բռնագաղթվածների, բռնի տեղահանվածների տարաբնակեցման ծրագիրը գործում է դեռևս 1993 թվականից: 2007 թվականից վերաբնակեցման ծրագրում առաջնահերթություն է տրվել նաև յուրաքանչյուր ընտանիքի բնակարանավորման, նորմալ կենսապայմանների ստեղծման, զբաղվածության խնդիրների լուծման դրույթներին»,- պարզաբանեց Է. Մխիթարյանը:

Նա նշում է, որ ըստ ծրագրի՝ հայրենադարձ յուրաքանչյուր ընտանիքի 10 տարվա օգտագործման իրավունքով տրամադրվում է անհատական տուն կամ բնակարան, որը պարտավորությունների կատարման դեպքում նվիրատվության պայմանագրով հանձնվում է հայրենադարձ ընտանիքին. «Վերաբնակ ընտանիքների բնակսեփականաշնորհման գործընթացի սկսվելուց հետո, Արցախի տարբեր համայնքներում, ավելի քան տաս տարի բնակված 608 վերաբնակ ընտանիքներ նվիրատվությամբ ստացել են պետական միջոցներով կառուցված բնակելի տները` որպես սեփականություն»:
Է Մխիթարյանի խոսքով` Արցախի կառավարությունն, ծրագրի շրջանակներում համագործակցում է բարեգործական կազմակերպությունների հետ. Լիբանանի «Արցախ ֆոնդ» կազմակերպություն, ինչպես նաև «Հայաստան» համահայկական և «Թուֆենկյան» հիմնադրամներ: «Արցախի կառավարության և Արցախ ֆոնդ»-ի «ԱՌԻ» ծրագրի համագործակցության արդյունքում, Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվել և վերաբնակ ընտանիքներին են հանձնվել 26 բնակելի տներ, իսկ ևս 24 տների շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են»,- նշում է բաժնի պետը և ընդհանրացնում, որ հայրենադարձության ծրագրի շրջանակներում վերջին 10 տարիների ընթացքում բարեգործական կազմակերպությունների միջոցներով շուրջ ութ տասնյակ ընտանիքներ ապահովվել են նորակառույց բնակելի տներով, որտեղ օգնության իրենց բաժինն ունեն նաև «Հայաստան» համահայկական և «Թուֆենկյան» հիմնադրամների իրականացրած միջոցառումները:

Անդրադառնալով Արցախում սիրիական ճգնաժամի հետևանքով ապաստանած և վերջնական բնակարանավորված սիրիահայ ընտանիքներին Է. Մխիթարյանը նշեց, որ բնակություն հաստատած ընտանիքները թվով քսանվեցն են, և հաստատվել են Քաշաթաղի շրջանում:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031