Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում, այն բանից հետո, երբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի առողջական վիճակով պայմանավորված նիստը հետաձգելու միջնորդությունը, հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն ասաց, որ ցավեր ունի ու ի վիճակի չէ ներկա գտնվել: Տաթեւիկ Գրիգորյանն առաջարկեց նրա համար շտապօգնություն կանչել, սակայն ամբաստանյալն ասաց, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:
Դիմելով գործող մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ Ներսես Պողոսյանն ասաց. «Էլ բանկա-բութուլկեքին չուղարկես մոտս»: Պողոսյանը նկատի ուներ այն, որ երեկ, երբ իրեն տարել են պատժախուց, կից խուց են բերել մի անձի, որը հայհոյել եւ սպառնացել է իրեն:
Պողոսյանը կրկին դժգոհեց ցավերից, եւ դատավորի որոշմամբ՝ նիստն ընդմիջվեց: Հրավիրվել է շտապօգնություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ