«Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացումը՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ:
Այս տարի ֆիլմերը 7-ն էին, որոնք ընտրվել են Ճապոնական դեսպանության կողմից՝ հաշվի առնելով երիտասարդների ցանկությունները:
Կազմակերպիչների խոսքով, 2011 թվականից ի վեր ցուցադրված ֆիլմերի քանակը հասել է 50-ի, իսկ հետաքրքրվողների թիվն ամեն տարի ավելանում է:
Մենք զրուցեցինք հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանի հետ, որը հայտնեց ՝ 12-րդ փառատոնն այս տարի տոնական տրամադրությունով առանձնանում է մյուս տարիներից, քանի որ նվիրված է հայ-ճապոնական հարաբերությունների 25-րդ տարեդարձին:
Այդ կապակցությամբ սեպտեմբերից «Հիկարի» կենտրոնը իրականացրել է մի շարք միջոցառումներ, երեք ցուցահանդես:
Այն հարցին թե ինչո՞վ է առանձնանում ճապոնական ֆիլմարտադրությունը՝ արևմտյանից, Կարինե Փիլիպոսյանը պատասխանեց. «Ճապոնացիների կինոարտադրությունն, իրենց բնավորությանը համահունչ, շատ նուրբ ու մեղմ է: Ֆիլմերում նկատած կլինեք յուրատեսակ դանդաղկոտության ինչ-ինչ տարրեր, որոնք նույնպես գալիս են նրանց ներքին բնույթից»:
Տիկին Փիլիպոսյանի համոզմամբ, ամեն տարի ճապոնական մշակույթով հետաքրքրվողների թվի ավելացմանը նպաստում են հիմնականում անիմեները (ճապոնական մուլտֆիլմեր՝ Naruto, Death Note, Hunter x Hunter, Your name), որոնք տարբերվում են ամբողջ աշխարհում իրենց յուրահատուկ «համ ու հոտով»:
«Շատերը անիմեներ նայելով սկսում են հասկանալ ճապոնացիներին, նրանց վարքը, ուրույնությունը, որոնք էլ իրենց հերթին հետաքրքրություն են առաջացնում՝ իմանալ ավելին այդ երկրի, ժողովրդի մասին»,- ավելացրեց Կարինե Փիլիպոսյանը:
Իսկ անձամբ Կարինե Փիլիպոսյանին ճապոնական մշակույթում գերել է հագուստը, իկեբանայի արվեստը, թեյախմությունը, բնության հետ ներդաշնակ արարողությունները, ինչպես նաև կրոնական մտածողության որոշ գծեր: Ի դեպ, ճապոնացիներն այսպես են մեկնաբանում իրավիճակները, ասվում է՝ յուրաքանչյուր խնդիր առաջին հերթին քո ներսում պիտի փնտրես:
Ըստ Կարինե Փիլիպոսյանի՝ մեր և ճապոնացիների ազգային մտածողության մեջ կան որոշակի նմանություններ.
«Շատ նման ենք աշխատասիրությամբ,մեծերի նկատմամբ խորը հարգանքով, ընտանիքի դրվածքներով, թեև ճապոնացի հայրերը շատ ավելի խիստ են երեխաների նկատմամբ, անգամ փաղաքշական վերաբերմունք շատ չեն ցուցաբերում, կարծելով՝ երեխաները պետք է մեծանան ինքնուրույն և չպետք է ծնողները խախտեն երեխայի ներաշխարհը՝ ավելորդ ջերմությամբ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Ռաիսա ՊԱՊՅԱՆ