Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունն արագ մոռանում է, հաշտվում է իրականությանը, ինչը եւ նրանից ակնկալվում է. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 20,2017 11:46

Երբ մի թեմայով սկսում են ամիսներով, տարիներով ջուր ծեծել, այն դադարում է հետաքրքիր ու ակտուալ լինել, եւ հասարակությունը ենթագիտակցորեն պատրաստվում է տվյալ խնդրի ցանկացած հանգուցալուծմանը, միայն թե չտեսնի կամ չլսի մահու չափ ձանձրացրած նույն մտքերը, նույն գնահատականներն ու նույն դեմքերին։

Այդպես «հաջողվեց» հասարակության հետաքրքրությունների շրջանակից դուրս դնել անգամ հոկտեմբերի 27-ի սպանություններն ԱԺ-ում։ Պատճառը թերեւս այն է, 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, 18 տարի անց, կատարվածի մասին գիտենք նույնքան, որքան հանցագործության օրը։

Այդպես է նաեւ մարտի 1-ի իրադարձությունների առումով։ Հազարավոր մարդկանց աչքի առաջ, օրը ցերեկով, իրավապահները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ծեծեցին, ջարդեցին նրանց, սակայն որեւէ մեկը, անգամ ԱԺ-ի՝ Մարտի մեկի իրադարձությունները քննող եւ սիզիֆյան աշխատանքի սիրահար հանձնաժողովը, այդպես էլ չհաջողեց գոնե պարզել՝ իրավաչա՞փ էին իրավապահների գործողությունները, թե՞ ոչ։ Տասը մարդ զոհվեց, եւ այսօր կարելի է վստահ պնդել, որ որեւէ մեկին այդպես էլ սպանության մեղադրանք ֊չի առաջադրվի, քանի որ մարդասպանը պարզապես կատարել է «կրա՜կ» հրամանը։ Հասարակական պահանջ էլ արդեն չկա։ Միակ մարդը, որ այդ մասին այսօր էլ հետեւողականորեն խոսում է, ՀՀ Քաղաքացի Վարդգես Գասպարին է։

Նույն տրամաբանությամբ, երբ Ղարաբաղյան պատերազմից մեկ կամ մի քանի ամիս անց որեւէ մեկին ասվեր, որ ազատագրված տարածքները՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, վերադարձվելու են ադրբեջանցիներին, տեղում կարող էր եւ արյունահեղություն լինել։ Այսօր, հրադադարից 23 տարի անց, հողերի վերադարձի հարցը ցավոտ է, սակայն ականջի համար՝ արդեն սովորական։ Անգամ կոնկրետ նշվում է՝ քանի շրջան։

«Սասնա ծռեր» խմբավորման՝ ՊՊԾ գունդը գրավելուց հետո քաղաքացիները հազարներով դուրս եկան փողոց, բախումներ եղան ցուցարարների ու ոստիկանների միջեւ, տասնյակ մարդիկ հիվանդանոցում հայտնվեցին։ Սարի թաղում բնակիչների ու ոստիկանների բախումից հետո թաղամասի բնակիչներ ձերբակալվեցին։ Այսօր էլ «Սարի թաղի» գործով մարդիկ են կալանավորված՝ իրենց իրավունքները ոստիկաններից պաշտպանելու համար։ Եվ նրանք ու նրանց հարազատները միայնակ են, քանի որ մեր հետաքրքրությունն արդեն նվազել է այդ գործի հանդեպ։

Ստացվում է այնպես, որ ժամանակը իշխանությունների օգտին է աշխատում։ Հասարակությունն արագ մոռանում է, հաշտվում է իրականությանը, ինչը եւ նրանից ակնկալվում է։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031