Եվրահանձնաժողովը նախօրեին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Եվրամիության անդամ երկրների լեզուներից չի թարգմանվել միայն իռլանդերեն: Հանձնաժողովը հայտարարել է, որ թարգմանությունն իրականացնում է Եվրահանձնաժողովը և Իռլանդիայի հետ կա պայմանավորվածություն, որ ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն:
Այդպիսով, Եվրահանձնաժողովը, փաստորեն, հերքում է տեղեկությունը, որ ԵՄ անդամ երեք պետություն չեն հասցրել թարգմանել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, ինչի պատճառով այն չի հասցվի պատրաստվել նոյեմբերի 24-ի Բրյուսելյան Վեհաժողովի ընթացքում ստորագրման: Մյուս կողմից, սակայն, փաստացի հերքվում է, որ չի թարգմանվել այն միայն իռլանդերեն, բայց հետաքրքիր է, որ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ խոսք չկա այն մասին, որ համաձայնագիրը լիարժեք պատրաստ է լինելու նոյեմբերի 24-ի Վեհաժողովին: Մինչդեռ ամենակարևորը հենց դա է, ոչ թե այն, թե իրականում քանի լեզվով դեռևս չի թարգմանվել համաձայնագիրը՝ մեկ, երկու, երեք, թե ավելի լեզուներով: Մինչդեռ ահա այդ մասով՝ համաձայնագրի լիարժեք պատրաստ լինելու, Եվրահանձնաժողովը կարծես թե լռում է:
Հարցն այն չէ, որ այդ լռության մեջ աներկբայորեն առկա է, այսպես ասած, որևէ մութ հարց, և այդպիսով կա ինտրիգ, որ Եվրահանձնաժողովն էլ վստահ չէ, որ համաձայնագիրը կհասցնեն պատրաստել նոյեմբերի 24-ին: Սակայն խնդիրն այն է, որ ինտրիգը հյուսվում է համաձայնագրից և հանձնաժողովի հայտարարությունից դուրս, հյուսվում է անշեղորեն, և առաջին հերթին հենց այն պատճառով, որ հրապարակվող իրարամերժ տեղեկությունների և կարծիքների վերաբերյալ չեն տրվում պաշտոնական հստակ և անշեղ, միարժեք բացատրություններ ու պատասխաններ՝ թե՛ Հայաստանից, թե՛ Եվրամիությունից: Գուցե Երևանն էլ, Բրյուսելն էլ չափազանց վստահ են, որ չկա որևէ խնդիր, ու չեն տեսնում կարիք անդրադառնալու տարածվող տեղեկություններին:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում