Քարոզչության մյուս ուղղությունը. հանրության ուշադրությունը կենտրոնացվում է վարչապետի և նրա մերձավոր շրջապատի անձանց առանձնատների վրա։ Ընդ որում, որպես քարոզչական գործիք ներգրավված են նաև ընդդիմադիր համարվող որոշ ուժեր, մասնավորապես, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ իր նախագահի գլխավորությամբ։ Վերջիններս նույնիսկ օնլայն ռեժիմով և, այսպես կոչված, անկախ ինտերնետ ռեսուրսներով նկարահանում են «Հաղթանակ» զբոսայգում վարչապետի առանձնատունը՝ վերջինիս համեմատելով նախկին վարչապետների հետ և շեշտելով, որ նա ոչնչով չի տարբերվում մյուս օլիգարխներից ու պաշտոնյաներից։ Բնականաբար, սա հեշտ հերքվող փաստարկ է, և Կարեն Կարապետյանը չի համեմատվի այն պաշտոնյաների հետ, որոնք մեկ օր անգամ բիզնեսով չեն զբաղվել, սակայն տիրացել են հսկայական ունեցվածքի, իսկ լյումպենացված կամ սոցիալապես անապահով խավի վրա գուցե կարողանա կարճաժամկետ կամ միջնաժամկետ ազդեցություն ունենալ։
Նշվածներին հետևում է մյուս ուղղությունը. այս ամենն անում է Արցախում ծնված վարչապետը, որի համար Երևանի սիմվոլները, երևանյան համուհոտը ոչ մի նշանակություն չունեն։ Արհեստականորեն կրկին վերակենդանացվում է հայաստանցի-արցախցի հակադրությունը։ Կոնկրետ խնդիր լուծելու համար նորից փորձում են այս թեզը ռեինկառնացիայի ենթարկել։
Վարչապետի քննադատության հաջորդ թեման առնչվում է կառավարության օպտիմալացմանը։ Վարչապետը, կրճատումներ անելով, ստեղծում է նոր կառույցներ՝ աշխատանքի տեղավորելով իր մարդկանց։ Սա նույնպես միտված է դժգոհություն առաջացնելու գործազուրկ խմբի շրջանում։
Եվ վերջապես, փորձում են դիպչել շատ զգայուն մի թեմայի. կառավարությունն անընդհատ խոսում է տնտեսական աճի, բյուջեի հավաքագրման 6 տոկոսից ավելի աճի մասին, սակայն հաջորդ տարվա պետբյուջեում չի նախատեսում պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացում։ Այս թեզն ավելի սուր է ներկայացվում գնաճի ֆոնին։ Հասկանալի է, որ ցածր աշխատավարձ ստացող պետական աշխատողների և կենսաթոշակառուների շրջանում այս իրողությունը որոշակի դժգոհություններ է առաջացնում։
Ամփոփելով` կարող ենք ասել, որ վերջին շաբաթներին, թեև չկան հանրային ակնառու մարտերը գալուստսահակյանների և այլոց մակարդակով, այնուամենայնիվ, խաղը սկսել է ավելի նուրբ երանգներ ստանալ։ Եվ երբ վերջում այս բոլոր թիրախներն ու թեմաները միմյանց կապակցվում են, ու ստացվում է մի մեծ պատկեր, որը հրամցվում է հանրությանը, պարզվում է, որ Հայաստանում գործ ունենք մի վարչապետի հետ, որը, ուրիշ տեղ ծնվելով, եկել է Երևան, մեծ տուն կառուցել և այսօր անտեսում է սոցիալապես անապահով պետծառայողների ու թոշակառուների կարիքները՝ ընդամենը մտածելով իր շրջապատի բարեկեցության մասին։ Այսպիսի տեխնոլոգիայով փորձում են ստանալ վատ վարչապետի մի կերպար, որն իր պաշտոնավարման ընթացքում առանձնապես արդյունքներ չի գրանցել։ Կարելի է արձանագրել, որ հստակ հակաքարոզչական ուղղություն է գործի դրվել, որտեղ ՀՀԿ որոշ խմբեր ստվերում են մնում, սակայն դեմ չեն իրենց հովանավորության ներքո գտնվող ռեսուրսներով աջակցելու այդ շարժումներին։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում
հետո՞, ինչ է ձեր ասածը:
Կարեն Կարապետյանի բոլոր ԹՎ-ներով ու թերթերով արվող ամենօրյա քարոզ-քարոզչությունը վտանգի տակ է՞ )))