Համոզված է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը
– Տիկին Եսայան, նոյեմբերի 24-ին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսված է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, որն, ի դեպ, նախաստորագրված է եւ օրերս հրապարակվեց: Թեեւ իշխանության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով հայտարարել են փաստաթղթի ստորագրության պատրաստակամության մասին, վերջին օրերին քաղաքական եւ հասարակական շրջանակներում մտահոգություններ են հնչում, որ փաստաթղթի ստորագրումը կարող է հետաձգվել կամ խափանվել: Հիմնական փաստարկը բերվում է այն, որ ապրիլին նոր կառավարություն է ձեւավորվելու, եւ ԵՄ-ի համար կարեւոր է, թե ինչպիսի Հայաստանի հետ են գործ ունենալու: Նաեւ` բարեփոխումներ իրականացնելու իշխանության քաղաքական կամքը: Մտահոգությունները, կարծես, անտեղի չեն:
– Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստն արդեն տարածված է եւ հասանելի բոլորի համար, հուսամ, կարդացել եք, եւ եթե այո, պիտի նկատած լինեք, որ նրանում չկան ձեր կամ այլոց նշած «մտահոգությունները»: Սա բաց եւ հստակ շարադրանք է, որում մանրամասնորեն ներկայացված են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հեռանկարները եւ գործընթացի բոլոր նրբերանգները: Այնպես որ, մենք հույս ունենք, վստահություն, որ համաձայնագիրը կստորագրվի, եւ դրանում առկա բոլոր պայմանավորվածությունները ժամանակի մեջ կիրականացվեն։ Մտահոգվելու կարիք չկա, թեպետ, եթե այդ մտահոգությունները սրտացավությամբ են պայմանավորված, կարող եք նաեւ մտահոգ լինել. բայց եթե դա չարախնդության մտահոգություն է, չարժե, հիմնազուրկ է, պիտի առաջ նայել։ Մեկ բան հստակ է` եւ այսօր, եւ վաղը Հայաստանի Հանրապետությունը ձգտել եւ ձգտելու է ԵՄ-ի հետ համապարփակ եւ գործընկերային հարաբերությունների։ Կարծում եմ՝ նոյեմբերի 24-ից հետո մեկմեկու շնորհավորելու լավ առիթ կունենանք։
– Տիկին Եսայան, բարեփոխումներն օրենսդրական մակարդակում եղան. խորհրդարանն ընդունեց ապօրինի հարստացման, կանխիկ շրջանառության սահմանափակումների մասին օրենքները, ընդլայնվեց ունեցվածքի հայտարարագրման ցանկը եւ այլն, բայց դրանց կիրառումը դեռ տեսանելի չէ: Որեւէ օրինակ կա՞ ապօրինի հարստացած պաշտոնյայի հայտնաբերման եւ պատժելու մասին, կամ`բոլորս գիտենք, թե ովքեր են օլիգարխները, սակայն նրանց հարկային դաշտ բերելու ուղղությամբ քայլեր չեն արվում, եւ այսպես շարունակ կարելի է թվարկել: Ինչո՞ւ պիտի ԵՄ-ի չինովնիկները շարունակեն հավատալ մեր չինովնիկների այն ազնիվ խոսքին, որը նախկինում էլ տրվել է, բայց կյանքի չի կոչվել:
– Խորհրդարանը, բացի ձեր նշած օրենքներից, ընդունել է նաեւ այլ օրենքներ, որոնց միտված են երկրի օրենսդրական դաշտը արդեն փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Սա գործընթաց է, որի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում: Ինչ վերաբերում է ապօրինի հարստացածներին, նրանք անշուշտ օրենքի ընձեռած հնարավորությունների շրջանակում կարժանանան համարժեք վերաբերմունքի. մեր գործը օրենքները մշակելն ու ընդունելն է, իսկ կոնկրետ դատական գործերի, մեղավորների մասով լավ կլինի դիմեք համապատասխան մարմիններին։ Չեմ հասկանում, ավելի ճիշտ՝ ըմբռնումով եմ վերաբերվում հարցի վերջին նախադասությանը, բայց հավատալ-չհավատալը քաղաքական եզրույթներ չեն. կա գործընթաց, կան փաստաթղթեր, եւ կա համատեղ աշխատանք, եւ մենք, որպես խորհրդարանական կառավարման համակարգի անցնող պետություն, մեր եվրոպացի (եւ ոչ միայն) գործընկերների հետ աշխատում ենք միջազգայնորեն ընդունված չափանիշներին համարժեք եւ մեկմեկու հետ շփվում ենք երկուստեք հասկանալի լեզվով։
– Ի դեպ, դեսպան Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ ինքը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը ցանկանում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձեւում ընդունել Արցախի վերաբերյալ հայտարարություն՝ ի պաշտպանություն տարածքային ամբողջականության սկզբունքի: Իշխանական շրջանակներում պատրա՞ստ են սրան դիմակայել:
– Տարբեր անձանց կողմից տեղեկություններ ունենալու մասին հայտարարություններ անելը չի նշանակում, որ այդ տեղեկությունները կան, իրականության հետ աղերսներ ունեն: Ինքս նման տեղեկություն չունեմ, եւ կարծում եմ՝ ձեր նշած իշխանական շրջանակներում զբաղված են ավելի կոնկրետ եւ լուրջ գործերով, քան տարբեր գործիչների ունեցած կամ չունեցած «տեղեկություններին» «դիմակայելը»: Անպայման ուզում եմ նշել, որ ինքս պարոն Շահնազարյանին շատ եմ հարգում, եւ ասածս կոնկրետ նրա անձի հետ կապ չունի, ընդհանրական գնահատական է։
– Ժնեւում նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ինչպե՞ս եք գնահատում: Հայաստանում եղան մարդիկ, որ այն համարեցին հայկական կողմի պարտություն, քանի որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին խոսք չեղավ համանախագահների հայտարարության մեջ: Ի՞նչ երաշխիք կա, որ Ալիեւը կպահի սահմաններում լարվածությունը թուլացնելու մասին ջենթլմենական պայմանավորվածությունը՝ մանավանդ, որ արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանից ՀՀ նախագահի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ չի պահել պայմանավորվածությունը եւ հանդիպումից հետո հայտարարություն է արել։
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ալիեւի ժնեւյան հանդիպումը կարեւոր էր որպես իրողություն. տեւական ընդմիջումից հետո ի վերջո համանախագահներին հաջողվեց կողմերին նույն բանակցային սեղանի շուրջ նստեցնել: Որպես փաստ սա անչափ կարեւոր է, քանի որ ռազմական գործողություններին բանակցային գործընթաց հակադրելը միշտ էլ դրական է։ Այս դեպքում բուն բանակցությունն արդեն արդյունք է։ Ինչ վերաբերում է ձեր նշած որոշ անձանց, որ սա համարում են հայկական կողմի պարտություն, ապա նրանք հակված են ամեն ինչ պարտություն համարել, անգամ տեսանելի առաջընթացը եւ դրականը, վաղուց նրանց ակնոցները սեւ ապակիներով են: Պարզապես պիտի նրանց հարցնել՝ իսկ համանախագահների նույն այդ հայտարարության մեջ կա՞ կետ այն մասին, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները ի չիք են դառնում: Չկա: Եվ սա չտեսնելն արդեն անգամ կարճատեսություն չէ, այլ հավկուրություն։ Հարցնում եք երաշխիքների մասին, ցավոք, կարծում եմ, լավ իմանալով Ալիեւին, չենք կարող ունենալ այդ երաշխիքները, բայց պիտի ձգտել հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելուն, ինչին էլ ուղղված են նախագահ Սարգսյանի ջանքերը։ Այո, մենք ձգտում ենք հարցը խաղաղության ճանապարհով լուծել, բայց նաեւ պատրաստ ենք պատերազմի, քանի որ մեր հարեւանն ադեկվատ չէ իր քայլերում եւ պահվածքով, դա տեսանելի է անգամ սովորական լուսանկարվելու պահերին։
Ձեր հարցի վերջին նախադասությունը լսեցի եւ չեմ կարող չհարցնել՝ հիմա դուք մեր ընկերն եք, թե՞… իսկ ինչո՞ւ եք Ադրբեջանի կողմից հնչող այս կամ այն մեղադրանքն այնքան լուրջ ընդունում, որ տիրաժավորում եք ու հարց եք ձեւակերպում…
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
19.10.2017