Հակառակ դեպքում, ըստ փորձագետ Դավիթ Պիպոյանի, գյուղատնտեսությունում, որն արդեն քանի տարի է՝ հռչակված է գերակա ուղղություն, անկում է գրանցվելու:
Ամբողջ Հայաստանում այս տարի երաշտային էր, ինչի հետեւանքով էլ խոտի` անասնակերի պակաս կա: Խոտի դեֆիցիտը գյուղատնտեսները նաեւ կարկուտի հասցրած վնասներով են պայմանավորում: Շատ գյուղացիներ մտավախություն են հայտնում, որ կերի պակասի պատճառով ստիպված կլինեն անասնագլխաքանակը կրճատել, հակառակ դեպքում կաթնամթերքը կթանկացնեն, որպեսզի կարողանան այդ խնդիրը լուծել: Չնայած խոտի պակասն, ըստ գյուղացիների, կաթնատվության վրա էլ բացասաբար կանդրադառնա: Օրերս տարին ամփոփելիս գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսների մտավախությունները փարատեց` ասելով, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա խոտ ներկրելու հարցը կլուծեն:
Սակայն Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը կարծում է, որ եթե մեր երկրի գյուղատնտեսությունն ադապտացվի կլիմայի փոփոխությանը, միանշանակ կարելի է խուսափել այսպիսի տնտեսական վնասներից:
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ կլիմայի փոփոխության պարագայում գյուղատնտեսությունը 200 մետր վերեւ պիտի բարձրացվի, որովհետեւ դաշտը չորանում է. «Գյուղատնտեսության մասնագետը պետք է կլիմայի փոփոխությունը հաշվի, տեսա՞ք՝ այս տարի ինչքան շուտ խոտը չորացավ, որովհետեւ չորային է, անձրեւ չկար, այդ պատճառով էլ խոտի գինը տեսա՞ք՝ որքան բարձրացավ: Բավական էր գյուղատնտեսությունը 200 մետր վերեւ բարձրացնեին, որի համար ջրարբիացում էր պետք, եւ այդ խնդիրը կլուծվեր, խոտի պակաս էլ չէինք ունենա: Մինչդեռ նոր եկած կառավարությունը ջրարբիացման ծրագիրը փակեց, տվեց նոր վարկի: Ասում էի, որ դա բերելու է խոտի գնի բարձրացման, մի արեք, վատ է լինելու, ասում էին` էս նոր թիմը եկել է, «չուզողություն» է անում, ասում էի` ինչ ունեմ «չուզողություն» անելու, որ գինն էժանանա, կամ համակարգը լավ լինի՝ մենք շահո՞ւմ ենք, թե՞ տուժում ենք: Ով է տեսել, որ երկրում, որտեղ մանր ու միջին հողակտորներով է գյուղատնտեսությունը, շեշտը դնես միջինի վրա: Ամբողջ աշխարհում նման բան չկա: Խոշորն ինքն իրենով իր խնդիրները կարողանում է լուծել, գլխի ճարը տեսնել: Եթե քո երկրում դու ունես մանր ու միջին գյուղատնտեսներ, պետք է գյուղատնտեսությունդ ադապտացնես, համայնքների ջրարբիացման խնդիրը լուծես, էլեկտրական կայաններ տանես` ասես կաթի ագրեգադ դրեք, այստեղ կաթ ստացեք ու կարագ: Շվեյցարիան այսօր որտե՞ղ է իր կարագը ստանում՝ հարթավայրո՞ւմ, թե՞ իր նախալեռնային շրջաններում»:
Կենտրոնի տնօրենի ներկայացմամբ՝ այն երկրները, որոնք հարթավայրային են, կլիմայի փոփոխությունների պարագայում ամբողջությամբ տուժում են, որովհետեւ այն չորանում է, եւ չես կարողանում բարձրացնել: Սակայն մեր երկիրը քանի որ լեռնային է եւ ունի նախալեռնային գոտիներ, կլիմայի փոփոխությունից հնարավորինս չի տուժի. «Ընդամենը պետք է գյուղատնտեսությունն ադապտացնես կլիմայի փոփոխություններին: Այս տարի մենք տեսանք, թե որքան էր ձյան շերտը վերեւ բարձրացել: Ընդ որում, մենք ունենք կովկասյան գորշ, որը քարերի միջով վազում է, վերեւ բարձրանում, այսինքն` մենք ունենք անասուն, որը ոչ միայն մսուրային պահվածքում է պահվում, այլեւ սար է բարձրանում: Հետո կարելի է սելեկցիոն աշխատանք իրականացնել, որի մասին մշտապես ասում եմ, որպեսզի դու տեղական ադապտացված տավար ունենաս, դրսից եկած անասունը չի կարողանում սար բարձրանա, կճղակը թռնում է»:
Պարոն Պիպոյանի խոսքով՝ այս բոլոր խնդիրները, գյուղատնտեսության առաջ կանգնած մարտահրավերները հաշվի առնելով՝ մեկ տարի առաջ գյուղատնտեսությունում անկում էր կանխատեսել, ինչն այսօր արդեն իրականություն է: Պարոն Պիպոյանի համոզմամբ՝ համակարգի լուծումը պահանջում է համակարգային մոտեցում:
Ըստ նրա՝ մեր երկրում կառուցողական քննադատությունը որեւէ մեկը չի դիտարկում որպես օգնություն պետությանը. «Այսօր մենք այն ամենը, ինչ քննարկում ենք` մոտեցումները, խնդիրները, ի վերջո իրականացվում է պետականաշինության նպատակով, որպեսզի շահի ե՛ւ մեր պետությունը, ե՛ւ մեր պետության սպառողը: Բայց հավատացեք, անգամ ամենակառուցողական կամ ամենաարդի մեթոդների կոնկրետ խորհուրդները, որի համար բոլոր երկրներում քեզ վճարում են, մեր երկրում դիտարկվում են որպես չուզողություն կամ քննադատություն, որից հետո մարդիկ շատ ավելի պատնեշային հարաբերություններ են ձեւավորում»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
19.10.2017