Իրինա Զաքյանն ու Լիլիթ Վարդումյանը ստանձնել են վաղամեռիկ Հենրիկ Արթենյանի «Գրիգոր Նարեկացի» դրամատիկական պոեմի տպագրության գործը:
Օրերս «Առավոտը» հյուրընկալել էր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանին, սակայն մեր զրույցն ընթացավ ոչ թե երգարվեստի, այլ գրականության ուղղությամբ: Նա մեզ ծանոթացրեց բանասեր Լիլիթ Վարդումյանի հետ, ով գրող, թարգմանիչ Հենրիկ Արթենյանի (լուսանկարում) զարմուհին է: Պարզվեց, որ Իրինա Զաքյանը մայրենի լեզվի 3-րդ կամ 4-րդ դասարանի դասագրքում պատահաբար հանդիպել է Արթենյանի բանաստեղծությանը, որի անունը մեր զրուցակիցը, իր հավաստմամբ՝ տարբեր առիթներով հարազատներից էր լսել: «Մեր ընտանեկան հավաքների ժամանակ երբ խոսք էր գնում գրքի, այս կամ այն գրողի մասին, մայրս միշտ օրինակ է բերել Հենրիկ Արթենյանին, նշելով, որ ի ծնե, ի բնե գրող էր, որ նա մեր բարեկամն է: Փաստորեն, մի քանի տարի բժշկական ինստիտուտում սովորելուց հետո ծնողներից գաղտնի ընդունվում է պետական համալսարան, որտեղ նրան դասավանդում են ճանաչված լեզվաբաններ ու գրականագետներ Աղայանը, Մկրյանը եւ ուրիշներ: Մայրս ընդամենը այսքանն է պատմել գրողի մասին: Իսկ հետո, երբ դասագրքում հանդիպեցի նրա անվանը, որոնեցի ու գտա գրողի զարմուհուն՝ Լիլիթին»,- հայտնեց երգչուհին: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ մայրը չի որոնել իրենց բարեկամ գրողին, ստացանք հետեւյալ պատասխանը. «Արթենյանը կյանքից հեռացել է անժամանակ՝ 80-ականներին: Մենք գյումրեցի ենք: Հետո այդ անիրավ երկրաշարժը… դրան հաջորդած տարիները…»:
Լիլիթ Վարդումյանին խնդրեցինք հակիրճ ու պարզ ներկայացնել գրողին, քանի որ մենք էլ մեկ-երկու անգամ տարեց արվեստագետներից լսել ենք Հենրիկ Արթենյան անունը, որը հիմնականում հոլովվում էր իբրեւ տաղանդավոր, բայց խորհրդային տարիների համար աննկարագրելի հանդուգն: «Իմ հուշերում դրոշմվել է Հենրիկ Արթենյանի ու Շիրազի հեռախոսային խոսակցությունը, երբ Արթենյանը Շիրազին ասում էր՝ չէ, դու ես վարպետը, ես վարպետ չեմ… Մայրս հիշում է, որ իրենց տունը դարձել էր երիտասարդ գրողների հավաքատեղի: Ժամերով ընթանում էին քննարկումներ, բանավեճեր: «Կլոր» սեղանի շուրջ էին հավաքվում Գարիկ Բանդուրյանը, Նանսեն Միքայելյանը, Ժիրայր Անանյանը, Արտավազդ Աբրահամյանը, Արամայիս Սահակյանը եւ ուրիշներ: Իհարկե, եթե կարելի է դա դժբախտություն համարել, ապա մորեղբորս դժբախտությունն այն էր, որ, նախ՝ այդ տարիներին իրեն համարում էր ազատ գրող ու երբեք չէր ենթարկվում Խորհրդային Միության «տաբուներին»:
Դա էր պատճառը, որ նրան չէին ընդունում շատ պաշտոնյաներ: Իհարկե, գիտակցում էին տաղանդը, միաժամանակ խոչընդոտում նրա գրքերի տպագրությանը»,- ներկայացրեց տիկին Վարդումյանը: Ապա հավելեց՝ «Իհարկե, հանդուգն էր, որ 1965թ. գրեց «1915» պոեմը, որը հնարավորություն ունեցանք տպագրել միայն եղեռնի 100- ամյա տարելիցի առիթով: Ցավոք, ապրեց ընդամենը 57 տարի ու կյանքի երազանքը այդպես էլ չկատարվեց՝ դառնալ Գրողների միության անդամ: Մայրս մշտապես նշում է, թե Հենրիկն ասում էր՝ լավ, Գյոթեն էլ գրողների միության անդամ չէր… Իհարկե, հիմա դա անհեթեթ է թվում, բայց ժամանակին, չմոռանանք, որ այս կամ այն միության անդամ լինելը պատիվ էր: Ես ցավ եմ ապրում, որ կյանքի վերջին տարիներին նա մեկուսացել էր հասարակությունից: Իհարկե, գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, կատարել թարգմանություններ: Հիմա իմ նպատակը մեկն է՝ հրատարակել Արթենյանի գլուխգործոցը՝ «Գրիգոր Նարեկացի» դրամատիկական պոեմը, որը նրա տասը տարիների աշխատանքն է: Առանց վարանելու հայտարարում եմ՝ այնպես, ինչպես Սեւակն է իր «Անլռելի զանգակատունը» պոեմում կերտել Կոմիտասի կերպարը, այնպես էլ Արթենյանը՝ Նարեկացուն՝ իր այս դրամատիկական երկում»,- ասաց մեր զրուցակիցը: Ասաց նաեւ, թե դեռեւս 54 տարեկանում, հավանաբար զգալով կյանքի մոտալուտ մայրամուտը, Արթենյանը «Գրիգոր Նարեկացին» հանձնում է քրոջը՝ տպագրության համար: Լիլիթ Վարդումյանը ժպտալով հավելեց. «Հիմա, կարծում եմ, նոր բարեկամուհուս՝ ճանաչված երգչուհի Իրինա Զաքյանի հետ կիրականացնենք Արթենյանի երազանքը»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
19.10.2017