Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն Աշխարհի գավաթի զարդն էր»

Հոկտեմբեր 20,2017 13:00

Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը գլխավոր մրցավար է եղել ամենահեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ նաեւ Աշխարհի թագի համար երկու մրցամարտում, այս անգամ Թբիլիսիում կայացած շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավարի տեղակալն էր, որտեղ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը փայլուն խաղով 12 տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ նվաճեց այդ պատվավոր մրցանակը: Նա այդ մրցաշարից ստացած տպավորություններով կիսվել է «Առավոտի» հետ:

«Իմ համոզմամբ, դա նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարերի պատմության մեջ ուժեղագույն մրցաշարն էր, որին մասնակցեց շախմատային ամբողջ վերնախավը, բացի բուլղարացի Վեսելին Տոպալովից: Բայց, ինչպես շախմատասերները տեսան, պայքարն այնքան թեժ էր ու անզիջում, որ աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերների մեծ մասը տարբեր փուլերում ստիպված հրաժեշտ տվեց մրցաշարին: Պայքարից դուրս մնացին աշխարհի չեմպիոններ Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, աշխարհի թագի հավակնորդ Սերգեյ Կարյակինը, համաշխարհային շախմատի այսօրվա առաջատարներից Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան եւ ուրիշներ:

Ուրախալի է, որ բոլոր փուլերը հաջող հաղթահարեց Լեւոն Արոնյանը, որն արդեն եզրափակիչ մտնելով տեղ էր ապահովել հավակնորդների մրցաշարում: Իմ համոզմամբ՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում ամենադրամատիկն ու դիտարժանը կիսաեզրափակչի Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն էր, որտեղ մասնակիցները, եթե կարելի է ասել, քամվեցին մինչեւ վերջին կաթիլը՝ աշխարհին ցույց տալով շախմատի ողջ հմայքը: Գրոսմայստերների միջեւ բառի բուն իմաստով «ողջ մնալու» ճակատամարտ էր, որում Արոնյանը հաղթեց «մահվան» պարտիայում՝ արմագեդոնում: Այդ դիմակայությունն, իմ համոզմամբ, աշխարհի գավաթի խաղարկության զարդն էր:

Դրանից հետո շատերը, հավանաբար, մտածում էին, թե Արոնյանը սպառվել է եւ այլեւս չի կարողանա Գավաթի համար պայքարել չինացի Դին Լիժենի հետ: Բայց եզրափակիչ մրցամարտը հակառակն ապացուցեց: Լեւոնը գործնականում բոլոր պարտիաներում առավելություն ուներ Դին Լիժենի նկատմամբ: Իսկ այն, որ նա այդ առավելությունը միավորի չէր վերածում, գալիս է նրանից, որ Արոնյանը հիմա խաղում է իր համար անսովոր ոճով: Նա չարդարացված ռիսկի չի գնում եւ սպասում է իր ժամին: Իսկ նրա ժամը վրա հասավ թայ-բրեյքում, որտեղ երկու փայլուն հաղթանակ տարավ չինացու նկատմամբ ու նվաճեց աշխարհի գավաթը: Ընդ որում, այդ պարտիաները նույնպես իրենց արժանի տեղը կգտնեն Լեւոն Արոնյանի շախմատային կենսագրության մեջ»:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

19.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել