Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրատարը կշրջանցի գերեզմանատունը – 2

Հոկտեմբեր 20,2017 12:30

Վեոլիա Ջուրն աշխատում է

Վեոլիա Ջուր ընկերությունը օրերս հայտարարել էր հոկտեմբերի 18-19-ին Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում եւ Կոտայքի մարզի 1 գյուղում 24 ժամով ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Դա պայմանավորված էր «Գառնի – Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի վրա առկա վթարները վերացնելու, նոր սարքավորումներ տեղադրելու ու մոտ 1կմ երկարությամբ նոր ջրագծի միացման անհրաժեշտությամբ:

Սակայն ի տարբերություն նմանօրինակ այլ ջրանջատումների, սա ունի նախապատմություն, որի վրա արժե կանգ առնել: Այսպես, դեռեւս գարնանը հրապարակված «Ջրատարը կշրջանցի գերեզմանատունը» մամուլի հաղորդագրության մեջ պատմել էինք, որ Արարատի մարզի Գետազատ գյուղի մոտ «Գառնի-Արարատ» 500մմ տրամագծով մետաղյա ջրագծի վրա տարիներ առաջ հանգամանքների բերումով ձեւավորվել է գերեզմանատուն: Ստեղծված իրավիճակի անթույլատրելիությունը, ինչպես նաեւ խողովակաշարի վթարայնությունը հաշվի առնելով` նախկին Հայջրմուղկոյուղի ՓԲԸ դեռեւս 2014 թ.-ին ձեռնարկել էր գերեզամանատունը շրջանցող 1136 մետր երկարությամբ 500մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշարի անցկացումը: Սակայն որոշ ժամանակ անց, ինչ-ինչ պատճառներով` ընկերությունը աշխատանքները կիսատ էր թողել: Ծանոթանալով իրավիճակին` նոր ջրամատակարարը` Վեոլիա Ջուրը առաջնահերթությունների թվում նախանշեց այս խնդրի լուծումը: Արդեն ապրիլին ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արտաշատ» տեղամասը վերսկսեց աշխատանքն այս ուղղությամբ: Խողովակաշարը կառուցվեց արագ տեմպերով: Հետո, համաձայն կարգի, իրականացվեցին դրա լվացման, ճնշումային փորձարկման ու հնարավոր թերությունների հայտնաբերման աշխատանքներ: Եւ ահա հիմա, 6 ամիս անց ընկերությունը ձեռնամուխ է եղել ջրատարի այս վտանգավոր հատվածը շահագործումից հանելուն ու գերեզմանատունը շրջանցող նոր պոլիէթիլենե խողովակաշարը շահագործելուն: Նաեւ նախատեսվում է նոր ջրագծին միացնել Արարատի մարզի Այգեստան գյուղը:

Հաշվի առնելով, որ նման դեպքերում տասնյակ հազարավոր սպառողներ են ջրազրկվում, ընկերությունը սովորաբար մի կրակոցով 2 եւ ավելի «նապաստակ է սպանում»: Նախ գրանցվում են տվյալ ջրատարի վրա եղած բոլոր թերությունները, որպեսզի մի կանգառի ընթացքում հնարավորինս շատ վթար վերացվի, հետո նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ գործը սեղմ ժամկետներում կատարվի, եւ վերջում միայն ջրանջատում իրականացնում: Այս առումով «Գառնի – Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի ներկայիս կանգառն օրինակելի է:

Իսկ հիմա ընթացող աշխատանքների մասին: Հոկտեմբերի 18-ին, վաղ առավոտից ջրատարի տարբեր հատվածներում գործի են անցել «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ», «Արտաշատ», «Մասիս» տեղամասերը, իսկ Երեւանից գործընկերներին են միացել «Շենգավիթ» տեղամասն ու տնօրինության Հատուկ մեքենամեխանիզմների խումբը:

«Արեւելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը տեղից հաղորդում է, որ ջրատարի 7-8 վնասված հատվածներում միաժամանակ նորոգման աշխատանքներ են ընթանում: Օրինակ, Վերին Դվինում 100մմ տրամագծով ճնշումային փական են փոխարինում, մայրուղային ջրատարի քլորակայանի մոտ հին փականները նորոգվում, կարգի են բերվում, Արարատում` «Սիսավան» ՕԿՋ-ի մոտ, 200մմ տրամագծով փականային հանգույց են փոխում եւ վթարված խողովակներ են նորոգում: Աշխատանքը ամեն տեղ եռում է, ջրմուղագործները անում են ամեն ինչ աշխատանքները ժամանակին ավարտելու համար:

Արդյունքում, ոչ միայն ջրատարը վերջնականապես կշրջանցի գերեզմանատունը, այլեւ, ինչպես հավաստիացրեց Գաբրիել Մելիքսեթյանը, կբարձրանա «Գառնի – Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի շահագործման հուսալիությունը: Կնշանակի` նաեւ կբարելավի սպասարկվող բնակավայրերի ջրամատակարարումը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի
ծառայություն

 

«Առավոտ»

19.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել