Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 20,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր յոթերորդ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Եվ հայրս միանգամայն լուրջ տոնով Ֆելոյին ասաց՝ «լավ կանես՝ քո կարծիքն ասես, ոչ թե՝ ժողովրդինը», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով հորս ասաց՝ «էս հարցում իմ ու ժողովրդի կարծիքները մեկին մեկ համընկնում են», եւ հայրս  քմծիծաղով Ֆելոյին հարցրեց՝ «այսինքն, դու էլ ե՞ս համարում, որ Ֆրունզը Խորիկից սիրուն ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ համարում, որ ընկեր Մկրտչյանը  շատ համակրելի անձնավորություն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ համակրելի ու շատ գեղեցիկ», եւ հայրս նայեց Ֆելոյին, փռթկացրեց ու ոչինչ չասաց, եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «ինչի՞ ես ծիծաղում, Ուստա Հակոբ», եւ հայրս մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «հենց թատրոնի մասին ես խոսում, սկսում ես գրական լեզվով խոսալ», եւ Ֆելոն ժպտալով  հորս ասաց՝ «ոչ թե խոսալ, այլ՝  խոսել», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝ «Ֆելոն ոչ թե թատրոնի մասին էր խոսում, այլ՝ իմ գեղեցկության», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին  ասաց՝ «ձեր գեղեցկությունը թատրոնի հետ ուղղակիորեն է կապված, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ գեշությունն էլ ա թատրոնի հետ ուղղակիորեն կապված, ընկեր Ֆելիքս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «ձեր ու ձեր արտաքինի մասին միանգամայն սխալ կարծիքի եք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Լեննական մի հադըմ հարեւանուհի ունեինք՝ ինքն աշխարհի գեշն էր, բայց անունը Գեղեցիկ էր», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին  ասաց՝ «այդ կնոջ մասին էլի եք ասել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «չեմ հիշում, որ ասել եմ», եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «ես հիշում եմ», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «Ֆելոն քո բոլոր ասածները անգիր հիշում ա» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ դու իրա  կուռքն ես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընկեր Մկրտչյանն ընդամենն իմ կուռքերից մեկն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչպես նաեւ՝ Խորեն Աբրահամյանը», եւ Ֆրունզիկը  հիացմունքով նայեց Ֆելոյին ու ասաց՝ «շատ ճիշտ ես անում, որ ինձ ու Խորիկին չես հակադրում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ուրիշները մի գլուխ ինձ ու Խորիկին հակադրում են», եւ Ֆելոն  մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր եւ Խորեն Աբրահամյանի դեպքում համադրելն ավելի ճիշտ է, քան՝ հակադրելը», եւ հայրս հիացմունքով նայեց Ֆելոյին ու ժպտալով ասաց՝ «մեռնե՜մ գրական լեզվիդ», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «ով՝ ով, բայց ռեժիսորը պիտի գրական լեզվով խոսել իմանա», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին  ասաց՝ «եթե մի քիչ էլ գրական լեզվով ճտպտա, կարող ա ներկայացումից ուշանաս», եւ Ֆրունզիկը նայեց ժամացույցին ու ասաց՝ «ոչ թե ուշանամ, այլ՝ ուշանանք» եւ ժպտալով ավելացրեց՝ «պայմանավորվեցինք, որ դուք էլ եք գալու», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «բայց դու  մեզնից շուտ ես գնալու», եւ Ֆրունզիկը նայեց ժամացույցին ու ասաց՝ «ես հենց հիմա գնում եմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031