Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական Պրոխորով». Ռուսաստանում արձագանքը Քսենյա Սոբչակի առաջադրմանը

Հոկտեմբեր 19,2017 23:55

Լրագրող Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին: Ընդ որում, այդ մասին զրույցներ պտտվում էին դեռ ամիսներ առաջ, սակայն Սոբչակը հերքում էր դա:

Սոբչակը հայտարարել է, որ իր այդ մտադրության մասին տեղյակ է պահել Վլադիմիր Պուտինին: Նրա կարծիքով՝ Պուտինին այդ գաղափարն այնքան էլ դուր չի եկել:

«Պուտինն ասաց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշում կայացնել և պետք է պատասխանատվություն կրի դրանց համար, որից հետո հարցրեց մայրիկիս առողջության մասին,- ասել է Սոբչակը:- Ինձ թվաց, որ իմ որոշումը նրան դուր չեկավ»:

Արդեն Սոբչակի հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյոք Սոբչակի որոշումը համաձայնեցվել է Պուտինի հետ: Պեսկովը բացասական պատասխան է տվել:

Ռուսաստանի ընդդիմադիր շրջանակներում Սոբչակի այս որոշումը մտավախությունների տեղիք է տվել առ այն, որ նա «Պուտինի խաղն է խաղում» և իր առաջադրմամբ ձայներ կփախցնի նրա գլխավոր մրցակցից՝ Ալեքսանդր Նավալնիից:

Ռուս բլոգեր Իլյա Վարլամովը հավաքել է Ռուսաստանի հասարակական և քաղաքական գործիչների մեկնաբանությունների Սոբչակի առաջադրման վերաբերյալ:

Դմիտրի Պեսկով.

«Քսենյան շատ տաղանդավոր մարդ է, նա փորձ է հավաքել տարբեր ոլորտներում, նա բավականին կրթված է: Բայց եթե նա ինչ-որ հայացքներ ունի քաղաքականության նկատմամբ, նա պետք է զրոյից փորձ հավաքի, քանի որ քաղաքականությունը տարբերվում է լրագրությունից, շոու-բիզնեսից, այն միանգամայն այլ սուբստանցիա է:

Քաղաքականությունն առաջին հերթին ենթադրում է մարդկանց կամարտահայտում. դա գլխավոր դրույթն է: Եթե ինչ-որ առումով Քսյուշան ի վիճակի է պատասխանել այդ կամարտահայտմանը, ապա, անկասկած, նա շանսեր ունի քաղաքականության մեջ»:

Բոժենա Ռինսկա

«Գարշելի արարած. որոշել է առաջադրվել, անասու՛ն»:


Յուրի Դուձ.

«Քսե՛նյա, երկար ժամանակ, Դուք ինձ համար օրինակ եք ծառայել: Բնականաբար, ոչ բոլոր հարցերում, բայց աշխատանքում որ հաստատ: Դուք մեծացել եք որպես մարդ, որն ամեն ինչ ունի, և որը կարող է այլևս երբեք չաշխատել: Բայց դրանով հանդերձ Դուք աշխատում եք՝ մասնավոր, ազնիվ (հավանաբար) և անբասիր: Այդ նկրտումները և այդ աշխատանքը ես միշտ հարգել եմ: Բայց այսօր Դուք գործեցիք այս տարվա ամենատարօրինակ, թերևս ամենավտանգավոր սխալը: Ես շատ եմ տխրում, Ձեզ չեմ հասկանում, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հասկանալ Ձեր դրդապատճառները»:


Վլադիմիր Ժիրինովսկի

«Նախագահի թեկնածու  պետք է դառնա այն մարդը, որը երկար տարիներ քաղաքականության մեջ է: Մարդը երկրով չի շրջել, ոչինչ չգիտի, ոչինչ չի ղեկավարել: Չունի համապատասխան գիտելիքներ: Դա պարզապես վտանգավոր է: Նախ, ոչ մեկ նրան չի ընտրի: Նա կեղծ թեկնածու է, դրածո»:

Անդրեյ Ֆուրսենկո (Ռուսաստանի նախագահի օգնական)

«Ես սկզբում կարծեցի՝ դա կատակ է, հետո ինձ ասացին, որ ճիշտ է: Դե լավ, մենք ապրում ենք ազատ երկրում, մեզ մոտ յուրաքանչյուրն իրավունք ունի, որոշակի կանոններ կան, ստորագրություններ է պետք հավաքել… Կարծում եմ, որ նա հաստատ սփոյլեր չէ»:

Սերգեյ Ուդալցով

«Բայց եթե 2012թ. Պրոխորովի առաջադրումը շատերին շեղեց, Սոբչակն արդեն շատ բացահայտ է: Կրեմլի ականջները կիլմոմետրից երևում են J »:

Դմիտրի Գուդկով

«Թող 100 ծաղիկ ծաղկի: Թող բոլորն էլ առաջադրվեն՝ Նավալնին, Սոբչակը, Յավլինսկին: Իրավունք ունի՞ Քսենյան առաջադրվել: Ունի՛: Եթե նրա լսարանն էլ իմանա, որ «Պուտինը գող է», ավելի լավ: Ամբողջ հարցն այն է՝ արդյոք Քսենյան կցանկանա դա ասել կամ արդյոք կկազմի «սահմանադրական ընդդիմություն»: Վստահ եմ՝ նա դա հասկանում է»:

Միխայիլ Խոդորկովսկի

«Դիտեցի Քսենյայի ելույթը: Իսկ դուք գիտե՞ք՝ դրանում ինչ-որ բան կա: Նա իսկապես կարող է մարդկանց օգնել՝ հասկանալու «ընտրություններ առանց ընտրությունների» հասկացության էությունը»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031