Վշտակցություն Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով
Ցավով տեղեկացանք Լեւոն Հայրապետյանի անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն. Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող եւ այդ ապագան առավել բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված հայրենասեր գործիչ:
Կարելի է հիշել նրա ձեռնարկած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը եւ որոնք ոգեշնչել են ու լայն արձագանք են գտել երախտագետ համերկրացիների սրտերում:
Այդ անշահախնդիր նվիրումը դրսեւորվել է նաեւ Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու մշտական պատրաստակամությամբ: Ցավի հետ այսօր նաեւ ափսոսանքի զգացումն է համակել մեզ՝ նրա ընդհատված ծրագրերի ու երազանքների համար, ինչպես եւ գիտակցումը, որ մեր հավաքական կյանքից այլեւս բացակայելու է հայրենիքի շենացումը քաղաքական նպատակ, հոգու պարտք ու հավատամք դարձրած մի համարձակ ու անկեղծ նվիրյալ:
Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով կիսում ենք հարազատների մտերիմների եւ բոլոր վշտակցողների զգացումները, որպես մխիթարանք վկայաբերելով գործը, որ մնաց որպես անմեռ հիշատակություն:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն