Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինը կնոջը գոմում է կապել. Վազգեն Մանուկյանը հորդորեց հուզիչ դեպքեր իրեն չպատմել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 22:30

«Ամուսինը Մարտունիում կապել է կնոջը գոմում, ասել է՝ գնամ գամ քո հարցերը կլուծեմ, կինը թելը պոկել է, փախել պատուհանից, ճանապարհին հողաթափեր է գտել ու հասել ապաստարան»- «Կանանց իրավունքների կենտրոնի» ներկայացուցիչ Սուսաննա Վարդանյանն այսօր Հանրային խորհրդում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսպիսի դեպքեր պատմեց, թե ինչպես են մարդիկ բռնության ենթարկվում իրենց ընտանիքներում:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հորդորեց հուզիչ դեպքեր չպատմել, Սուսաննա Վարդանյանն էլ Վազգեն Մանուկյանին ասաց՝ մի հուզվեք, սրանք իրականություն են, հուզիչ չեն:

Ըստ Սուսաննա Վարդանյանին, կանայք խուսափում են ոստիկանություն դիմել, որովհետեւ բռնարարին կանչում են, ստորագրություն են վերցնում, որ էլ չի անի կամ փոքր վարչական տույժ է լինում ու նորից տղամարդը գնում է տուն, անում է այն, ինչ նախկինում: Օրենքը չի պաշտպանում կնոջը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գոհար Հակոբյանին Վազգեն Մանուկյանը հարցրեց՝ այս նախագծի մեջ կանխարգելումը ո՞րն է, ինչպե՞ս եք կանխարգելելու: Նա բացատրեց. «Շղթան բեկվում է, մեկ անգամ ենթարկվեց բռնության՝ կդիմի ոստիկանություն եւ հաջորդ դեպքերը չեն լինի, լատենտայնության մակարդակը նվազեցվում է»:

Խորհրդի անդամները սկսեցին հումորներ անել, թե որերո՞րդ ապտակից հետո կարող է ընտանիքի անդամը պատժվել: Արշակ Սադոյանը վստահ է, որ ապտակ էլ կա, ապտակ էլ, մի ապտակից կարող է տղամարդը տա ու կինը մեռնի: Վազգեն Մանուկյանն էլ կատակեց՝ մի ապտակը չպետք է պատժվի, այլ՝ 4.5-ից:

ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանի խոսքով՝ իրականությունից կտրված բաներ են գրել օրենքի այս նախագծում. «Իրավունքները ապաստարանում գրել եք, ո՞վ պետք է պահպանի, որ 100 մետր բռնարարը մոտ չգա, պայմանական դատված կալանավորներ էինք պահում Չարբախում, էլի այսպիսի խիստ ռեժիմներ չկար: Ո՞վ է կերակրելու ապաստարանների մարդկանց, ո՞վ է մուծելու այդ փողը, բուժումը: Հետո՝ փող եք տալիս նստելուց հետո, ո՞վ է տալու, գրած չի,  կոռուպցիայի բուն եք ստեղծում, կուզենան՝ կտան, կուզենան՝ չեն տա, կոռուպցիայի դեմ պայքար եք տանում, բայց նոր կետեր եք գրում»:

Ըստ Ղազարյանի, 0.5 տոկոս են կազմում ՀՀ-ում ընտանեկան բռնությունները, ու հարց է առաջանում, հիմա ո՞վ է մեզ ստիպում, որ այս օրենքն ընդունենք:

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ առաջին եւ ամենակարեւոր հարցը նախագծում պետք է լինի ընտանիքի պահպանումը ՝ «Օրենքը շատ եմ կարդացել՝ կանխարգելում չկա, միայն վիրաբուժության կա:

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկման վերջում Վազգեն Մանուկյանն ասաց, որ Սովետական միությունում հիվանդին փոքր դոզա էին տալիս, ԱՄՆ-ում ուժեղ դոզայով հորմոններ. «Ես չեմ գտնում, որ մեզ պետք է հարյուր տոկոսանոց հորմոններ նշանակել, չնայած բոլորս էլ ընդունում ենք, որ հիվանդ ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031