Առաջին անգամ Ադրբեջանը ցուցադրեց իր Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերը 2011թ․ հունիսի 26-ին՝ Բաքվում զորահանդեսին։ Այն ժամանակ ցուցադրվեցին արձակման 5П85ТЕ2 երեք կայաններ, տեղափոխման և լիցքավորման 5Т58 երկու կայաններ ու լուսավորման և ուղղորդման 30Н6Е2 մեկ ռադիոլոկատոր։
Ըստ ռուսական «Զենքի միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների` Ադրբեջանը Ռուսաստանից գնել է Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» ԶՀՀ 2 դիվիզիոն, յուրաքանչյուրում 8-ական արձակման կայան։ Շուրջ 300 մլն դոլար արժողությամբ գործարքը կնքվել է 2007թ․, իսկ մատակարարումները սկսվել են 2011թ․։ Համանման տվյալներ է հաղորդում նաև «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտը» (SIPRI) այն տարբերությամբ, որ գործարքի կնքման տարեթիվ է նշվում 2010 թվականը։
Ադրբեջանական Ս-300-ների տեղակայման վայրը որոշ ժամանակ անհայտ էր։ Ենթադրվում էր, որ դրանք կտեղակայվեն Բաքվի մերձակայքում՝ պաշտպանելու համար Ադրբեջանի մայրաքաղաքը, նավթային ու ռազմական ենթակառուցվածքները հայկական հրթիռներից։ Չէր բացառվում նաև, որ Ֆավորիտները կփոխարինեն խորհրդային Ս-200 ԶՀՀ-ներին և համապատասխանաբար կտեղակայվեն Բաքվում ու Մինգեչաուրում։
Զորահանդեսից մեկ տարի անց՝ 2012 թ․ արված արբանյակային լուսանկարներում Ս-300ՊՄՈւ-2 մեկ դիվիզիոն հայտնաբերվեց Բաքվից մոտ 45 կմ հյուսիս-արևմուտքում, որտեղ նախկինում Ս-75 ԶՀՀ լքված դիրք էր։ Դիվիզիոնը բաղկացած էր երկու մարտկոցից, յուրաքանչյուրում՝ 4-ական արձակման կայան։ Հարկ է նշել, որ այդ տարածաշրջանը հագեցած է արդյունաբերական ու ռազմական նշանակության օբյեկտներով։ Մոտակայքում են գտնվում Ադրբեջանի հիմնական ռազմական ավիաբազաներից մեկը՝ «Նասոսնայա» ավիաբազան, «Սիթալ-չայի» ավիաբազան, ռազմամթերքի Գիլյազիի ռազմավարական ու Նասոսնիի շրջանային պահեստները են։
Սակայն արդեն 2014 թ․ լուսանկարներում այդ դիրքերը դատարկ են։ Այդ և ավելի ուշ արված արբանյակային լուսանկարներում չեն երևում ոչ միայն արձակման կայանները, այլև ռադիոլոկատորներն ու անգամ դիզելային գեներատորները, թեպետ, դիրքի ինժեներական կառույցները պահպանվում են։ Այդ դիրքի հետագա ճակատագիրը դեռևս պարզ չէ։ Հնարավոր է, որ այն դիտարկվում է որպես պահուստային դիրք կամ նախատեսվում է ընդլայնվել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում:
https://www.youtube.com/watch?time_continue=3815&v=SslktPlQq9c