«Առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է մի քանի քայլ. քայլ առաջին՝ Ադրբեջանը պետք է ոչ թե կրակի, այլ կառուցողական լինի, այն ինչ ասվում էր Ժնեւում հայտարարության մեջ, դա պետք է իրագործվի, ու եթե կողմերն ուզում են առաջընթաց, պետք է գիտակցենք, որ առանց Արցախի ամբողջական մասնակցության՝ անհնար է ակնկալել որեւէ լուրջ առաջընթաց բանակցություններում»,- այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային նորմերն ու ԽՍՀՄ Սահմանադրությունը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ պարոն Շարմազանովը բարձր գնահատեց ՀՀԿ շանսերը՝ քննադատելով ընդդիմադիր ուժերին. «Քաղաքական շատ ուժեր շատ են խոսում մրցակցության մասին, ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն, երբ ժամանակը գալիս է, նրանք արհամարհում են այդ ընտրությունները, կամ չեն կարևորում կամ չունեն թեկնածուներ, որպեսզի կարողանան արդար մրցապայքարում պատշաճ մրցակցություն ապահովել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ