ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կանանց օրակարգը» եւ «Հայաստանում քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության խթանումը» թեմաներով: «Կանանց օրակարգը» մշակվել է Երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից անցկացվող «Հավասար» ծրագրի շրջանակներում՝ ՊրոՄեդիա-Գենդեր եւ «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան», ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունների կին պատգամավորները, «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի քաղաքականության եւ շահերի պաշտպանության պատասխանատու Անուշ Խաչատրյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Քոչինյանը, ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանը, Պրոմեդիա-Գենդեր ՀԿ-ի փորձագետ Լիլիթ Զաքարյանը, փորձագետ Ջինա Սարգիզովան եւ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի լրագրող Անուշ Ներսեսյանը:
Ինչպես նշվել է, «Կանանց օրակարգի» հիմնական նպատակն է ՀՀ Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա՝ ակնկալելով, որ նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանում, այլեւ կառաջարկեն լուծումներ: Հյուրերն օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին առաջարկել են հստակեցնել իրենց վերաբերմունքը երկրի զարգացման գործընթացներում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցություն ապահովող հիմնախնդիրների վերաբերյալ, քանի որ խորհրդարանական կառավարման պայմաններում ՀՀ Ազգային ժողովի մաս կազմող քաղաքական ուժերն են պատասխանատվություն կրում այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականության համար:
Կլոր-սեղանի մասնակիցները լսել, ապա քննարկել են «Կանանց օրակարգի» առանցքային հարցադրումները. պետական քաղաքականությանը կանանց մասնակցությանը եւ խոչընդոտներին, դրանց հաղթահարման ուղիներին, կանանց տնտեսական հնարավորությունների ապահովմանը, աշխատանքի շուկայում կանանց մասնակցության ընդլայնմանը, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներին եւ հավասար հնարավորություններին վերաբերող հարցեր:
Ներկայացվել են վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում կանանց նկատմամբ առկա է խտրական վերաբերմունք եւ՛ ընտանիքում, եւ՛ աշխատաշուկայում, նաեւ՝ առավելապես աղքատ են համարվում կանայք: Այսպես՝ կանանց չվճարվող աշխատանքն աշխարհում կազմում է 10 տրիլիոն դոլար, կանանց՝ աշխատաշուկայում չլինելու պատճառով Հայաստանը տարեկան կորցնում է մոտ 50-60 մլն դոլար, 17 տրիլիոն դոլար՝ աշխարհի մասշտաբով: Ըստ բանախոսների՝ հայ հանրությունը դեռեւս պատրաստ չէ ընդունելու այն կանանց, ովքեր ամուսիններից ավելի են վաստակում:
Քննարկման մասնակիցները մեր երկրում որպես հիմնախնդիր նշել են այն հանգամանքը, որ կանայք չեն մասնակցում երկրի զարգացմանը վերաբերող որոշումների կայացմանը, քանի որ բավարար չափով ներկայացված չեն իշխանության գրեթե բոլոր ճյուղերում եւ մակարդակներում: Հիմնախնդիր են համարվել նաեւ կանանց ներուժը չօգտագործելն ու աշխատանքի շուկայում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լուիզա Սարգսյանը, Շուշան Սարդարյանը, Իվետա Տոնոյանը, Մարինա Մարգարյանը պատասխանել են հյուրերի հարցադրումներին, ներկայացրել բարձրացված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող օրենսդրական նախագծերը, կարեւորել կանանց կրթվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը, նշել կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների հավասարության ուղղությամբ կատարված դրական փոփոխությունները:
Երկուստեք կարեւորվել է նման քննարկումների իրականացումն ու մտահոգիչ հարցերի քննարկումը:
ՀՀ Ազգային ժողով